13.01.2025
Կարո Փայլանը շտապում է Երևան՝ թավշյա հեղափոխության արդյունքը սեփական աչքով տեսնելու
31.05.2018
Կարո Փայլանը շտապում է Երևան՝ թավշյա հեղափոխության արդյունքը սեփական աչքով տեսնելու

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին նա հայտնել է Ակունք-ին տված հարցազրույցում: «Հայաստան վերջին այցիս ժամանակ առիթ էի ունեցել հանդիպելու «Ելք» դաշինքի ներկայացուցիչների և հարգելի Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ ժամանակ նրանք իրենց համեստ կուսակցություն էին համարում: Սակայն ես նրանց ասացի, որ հետևում եմ իրենց կուսակցական ծրագրին, որը շատ նմանություններ ունի Ժողովրդադեմոկրատական կուսակցության ծրագրի հետ: Նաև ասացի, որ հաստատ հաջողելու են, և որ ես աջակցում եմ իրենց: Սակայն, իրոք, այն ժամանակ անգամ ես չէի սպասում, որ այսքան արագ հաջողության կհասնեն»,- ասել է Փայլանը: Վերջինս նշել է, որ իր այցից 6 ամիս անց նրանք Հայաստանում անաղմուկ հեղափոխություն արեցին և չքավորների, ճնշվածների ձայնը փողոցներից, ժողովրդավարական փոփոխության քամով, տեղափոխեցին իշխանության ղեկ. «Ծրագրում եմ շուտով, Թուրքիայում ընտրություններից անմիջապես հետո կրկին Հայաստան այցելել և դեմ առ դեմ հանդիպել պարոն Փաշինյանի հետ»,- ընդգծել է նա: Փայլանը նաև անդրադարձել է Հայկական հարցի բարձրաձայնման խնդրին և նշել, որ իր կուսակցության` Հայկական հարցի և, ընդհանրապես, բոլոր ժողովուրդների խնդիրների ուղղությամբ քաղաքականությունն ու դիրքորոշումը հստակ է. թե՛ բոլոր ժողովուրդների` անցյալում ենթարկված ցեղասպանությունների և կոտորածների հետ առերեսվել, և թե՛ ներկայիս քաղաքականության առումով` հավասարության սկզբունքի վրա հիմնված մի կենսակերպ հաստատել. « Մեր պայքարը հենց այդ ուղղությամբ է տարվում: Այս հարցում իմ կուսակցությունը ոչ մի «բայց» կամ «սակայն» չունի: Կուսակցությունս վարում է բոլոր ժողովուրդների եղբայրությունն ու հավասարությունը հաստատելու և անցյալի հետ առերեսվելու քաղաքականություն, որը շարունակելու ենք նաև հետագայում»,- հավելել է նա: