24.11.2024
Զոհրաբ Մնացականյանը ՀՀ դեսպանների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել
prev Նախորդ նորություն

Բաղդադում տեղի ունեցածը կարող է առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ.


«Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:


Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»,- ասված է հայտարարության մեջ:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապացությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին նաև տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները:


VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջակայքին, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։


Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։


Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստացել է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից Սուլեյմանիի մահվան համար: