Հայ-ադրբեջանական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը կայուն է. ՊՆ
Տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել։
Ինչպես Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, այս ուղղությամբ տրվել են հատուկ ցուցումներ։
«Ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում օպերատիվ իրավիճակը գնահատվում է կայուն»,- գրել է Հովհաննիսյանը։
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջակայքին, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։
Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։
Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստացել է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից Սուլեյմանիի մահվան համար: