«Գազպրոմը» 2020-ին գազի մատակարարումը Հայաստան կշարունակի նախկին պայմաններով, այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագրի համաձայն՝ 2020-ի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019-ի մակարդակին։ Ներկայում «Գազպրոմ Արմենիան» գազն իր մայր ընկերությունից գնում է 1000 խմ-ն 165 դոլար գնով ։ Հայաստանում սպառողներին գազը մատակարարում է 1 խմ-ն 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին 80 դրամով՝ մինչև 600 խմ ծավալը։ Փաստացի «Գազպրոմ Արմենիան» բնակիչ-սպառողների մեծ մասին 1000 խմ գազը վաճառում է մոտ 290 դոլարով։ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև տարեկան մինչև 2,5 մլրդ խմ ծավալով ռուսական գազի մատակարարման պայմանագիրը գործում է մինչև 2020-ի ավարտը: