23.11.2024
Հայոց բանակն այլևս միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Առանց ԱԱԾ-ի չի լինի. «Յուքոմը» գնում է «Բիլայնը»

Հեռահաղոդակցության շուկայում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում։ «Յուքոմը» գնելու է «Վեոն Արմենիա» ընկերությունը, որի ապրանքանիշն է «Բիլայնը», հայտնում է ՍիվիլՆեթը:


Գործարքը կայանալու է 2020-ի սկզբին։ «Յուքոմն» արդեն իսկ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ տեղեկացնելով առքուվաճառքի մտադրության մասին։


ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հաստատել է լուրը. «Բավական բարդ պրոցես է։ Այո՛, մեզ դիմել են՝ տեղեկացնելով գնման մտադրության մասին։ Բայց սա միայն մեր թույլտվություններով չէ, այն պետք է անցնի նաև այլ գերատեսչություններով, նախարարություններով, Ազգային անվտանգության ծառայությունը պետք է նաև համաձայնություն տա, ապա նաև ՀԾԿՀ-ն»։


Բաղրամյանը նշել է, որ գործընթացը դեռ մտադրության փուլում է, «Յուքոմն» այս հարցով ՀԾԿՀ է դիմել ուրբաթ երեկոյան։


Գործընթացում ներգրավվելու է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ասել է՝ ստացել են դիմում, որով խնդրում են համակենտրոնացնել «Յուքոմն» ու «Վեոն Արմենիան»։ «Տոներից հետո կհարուցվի վարույթ, կուսումնասիրենք փաթեթը, կտեղեկացնենք։ Ես մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ առավոտյան ենք ստացել դիմումը, չեմ ուսումնասիրել»,- ասաց Գևորգյանը։


«Յուքոմ»-ը բաժանորդների թվով 3-րդ հորիզոնականում է՝ «Վիվասել-ՄՏՍ» և «Բիլայն» ընկերություններից հետո։ Որպես նաև բջջային օպերատոր «Յուքոմ»-ը շուկա է մտել 2015-ին՝ գնելով այն ժամանակ «Օրանժ Արմենիա»-ի 100 տոկոս բաժնեմասերը։


«Յուքոմ» ընկերությունը տևական ժամանակ կապվում էր Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ։ 2015-ի հուլիսին «Յուքոմը» գնել էր «Օրանժ Արմենիան» ընկերությունը՝ էապես ընդլայնելով ներկայությունը շուկայում։ «Վեոն Արմենիան» գնելու դեպքում ֆիքսված կապի շուկայում «Յուքոմը» կդառնա առաջատար։


Ամիսներ առաջ Սիվիլնեթը գրել էր «Յուքոմի» բաժնետերերի մասին։ Ընկերության բաժնեմասերի 24 տոկոսը պատկանում է Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին, 10,5 տոկոսը՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորա բանկին», 6,3 տոկոսը՝ նրա քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին։ «Յուքոմի» մնացած բաժնեմասերը պատկանում են Կիպրոսում գրանցված «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերությանը։