Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է շուրջօրյա ռեժիմով։ Բայց կապը ոչ թե իմ ու Իլհամ Ալիևի միջև է, այլ ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հարցին, թե արդյոք կապը գործում է և քննարկել է, օրինակ, ինքը վերջին շաբաթների միջադեպերը: Հիշեցնենք, վերջին երկու շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժը ակտիվություն է գրանցել ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտում, այլև ՀՀ սահմաններին, մասնավորապես՝ Տավուշում, որտեղ հակառակորդի գնդակից երկու զինծառայող է վիրավորվել: «Որոշ իրավիճակների վերաբերյալ տարընթերցումներ կան։ Նրանք ևս տեղեկություն են փոխանցել վիրավորի մասին։ Կողմերը իրավիճակի միանման մեկնաբանություններ չունեն, փորձում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում և եզրակացություններ անել»,- ասաց ՀՀ վարչապետը։