7.02.2026
Ութ ընկերություններ ստացել են «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտության հավաստագրեր
07.07.2021
Ութ ընկերություններ ստացել են «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտության հավաստագրեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 6-ին մասնակցել է «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությանը: Հավաստագրման հանձնաժողովի որոշմամբ «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտի կարգավիճակ են ստացել դեռևս թվով 8 ընկերություններ՝ «Եիա Ինժեներինգ», «Հայլինք Թեքնոլոջիզ», «Ինսօլ, «Ինտեգրատոր», «Ինժեներական Պլազա», «Վան Թեքնոլոջիս», «Ուրարտու Սիստեմս», «Փրոջեկտ Ինտեգրեշն»: Ինժեներական քաղաքը նախատեսվում է ապահովել առաջատար ինժեներական սարքավորումներով, հետազոտական ​​և նախատիպային լաբորատորիաներով, հաստոցաշինության և արտադրական մեքենաներով, որոնք հասանելի են ինչպես ԻՔ-ում գործող, այնպես էլ ինժեներական և բարձր տեխնոլոգիական ոլորտի այլ ընկերությունների համար: «Ինժեներական քաղաք»-ի շուրջ 3 հեկտար հողատարածքը տեղակայված է Երևանի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 74 հասցեում։ Որպես ծրագրի արդյունք՝ նախատեսվում է ստեղծել նոր ձևաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուց­վածքների կիրառմամբ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ՝ տեղական ու միջազգային շուկաների համար։ Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է բոլոր ընկերություններին ԻՔ-ում ռեզիդենտի հավաստագիր ստանալու կապակցությամբ և ընդգծել, որ այս ծրագիրը երկար տարիների և մեծաթիվ մարդկանց աշխատանքի, մտքի, երազանքների արդյունք է և հույս հայտնել, որ այդ ընկերությունները մասնակից կդառնան հաջորդ տասնամյակների համար նախանշված նպատակների իրականացմանը: «Հատկապես մեր գիտնականների և ինժեներների մտքի շնորհիվ մենք ունենք ինժեներական ճշգրիտ ճարտարագիտական շարժում, որի արդյունքի մի փոքր մասն այստեղ է: Եվ հենվելով այս հիմքի վրա՝ մենք սկսում են նոր շարժում, նոր գործընթաց, նոր ծրագիր, նոր ռազմավարություն, որը կոչվում է բարձր տեխնոլոգիական արտադրություն: Տասը տարի հետո մենք պետք է գնանք հաջորդ հանգրվանին, որը պետք է վերաբերի գիտությանը և գիտահետազոտությանը: Առաջիկա տարիներին մեր ամենամեծ ջանքերը ուղղված են լինելու կրթությանը. ՀՀ-ում ճարտարագիտական և բնագիտական կրթությունը պետք է լինի լիարժեք անվճար»,- նշել է Հայկ Չոբանյանը: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու և քաղաքի ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում ընկերությունները հնարավորություն կստանան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու համապատասխան հողատարածքներ՝ իրենց գրասենյակները կառուցելու նպատակով: Նրա խոսքով, ռեզիդենտները նաև հասանելիություն կստանան համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական ու նախատիպերի լաբորատորիաներին, արտադրական մեքենաներին ու սարքավորումներին։ Հավելենք, որ «Ինժեներական քաղաք» ծրագրի ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է։ Հայտագրման պայմաններն ու այլ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով: Տեղերը սահմանափակ են և առավելությունը կտրվի ժամանակային առումով առավել վաղ ներկայացված դիմումներին, տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: