Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինները միմյանց կտրամադրեն տեղեկատվություն
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 30-ին հրավիրած հերթական նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ 2021թ. մայիսին Մոսկվայում ստորագրված համաձայնագրով տեղեկատվության փոխանակման հարցում էլեկտրոնային եղանակի կիրառումը նպաստելու է երկու պետությունների իրավապահ մարմինների միջեւ գործակցության դյուրացմանը: Իրավասու մարմիններն էլեկտրոնային եղանակով միմյանց կտրամադրեն եւ կստանան իրենց վարույթում առկա տեղեկատվությունը: Փոխոստիկանապետի հավաստմամբ` պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն չի փոխանակվելու:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ընդգծել է համաձայնագրի կարեւորությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակնման եւ գործակցության շրջանակներում:
Պատգամավորները կողմ են քվեարկել օրենքի նախագծին: