Թուրքիան ընտրություններից հետո. Սպասել՞ շտկումներ Էրդողանի «հայկական քաղաքականությունում»
Ռեջեփ Էրդողանից Հայաստանի նկատմամբ որդեգրած քաղաքականությունում որևէ շտկումներ սպասելը անշնորհակալ գործ է: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում նշել է Մերձավոր Արևելքի խնդիրների ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին՝ մեկնաբանելով Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների հնարավոր ազդեցությունը հայ-թուրքական հարաբերությունների վրա:
«Անկախ ընտրությունների արդյունքից Հայաստանը շարունակելու է Թուրքիայի համար մնալ փուշ, քար կոշիկի մեջ: Թուրքիայի իշխանությունները շարունակելու են պնդել, որ ոչ մի Հայոց ցեղասպանություն չի եղել և ամեն անգամ շատ են նեղանալու, երբ համաշխարհային որևէ առաջնորդ ապրիլի 24-ին ժամանի Երևան»,-նշել է փորձագետը: Սատանովսկու կարծիքով, 2008-2009թթ.-ի մեկնարկած այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը» պայմանավորված էր այն նրանով, որ Անկարան որոշակի պահի հույս ուներ, որ միգուցե ինչ-որ բան կստացվի:
«Էրդողանը անկանխատեսելի քաղաքական գործիչ չէ: Մեկ նա առանց վիզաների ռեժիմ ունի Քադդաֆիի Լիբիայի և Ասադի Սիրիայի հետ, մեկ նա կոչ է անում նրանց տապալել: Մեկ նա ռազմավարական հարաբերություններ ունի Իսրայելի հետ, մեկ Ազատության նավատորմիղ է ուղարկում Գազայի հատված: Ինչ ենք մենք ուզում այս կամ այն կողմ նետվող Էրդողանից, ով նման է պոչը այրած վագրի», - հռետորական հարցադրում է արել Սատանովսկին:
Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող "Արդարություն և զարգացում" կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը: Նախնական տվյալներով այդ կուսակցությունը հավաքել է միայն 41% և 550 հոգանոց խորհրդարանում ստացել է 256 տեղ: Նրան հաջորդում են Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25,1%), Ազգայնական շարժում կուսակցությունը (16,4%) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը (12,8%): Նրանք բոլորը հաղթահարել են 10%-ոց շեմը և ներկայացված կլինեն Մեջլիսում:
Թուրք մեկնաբանները նշում են, որ այս իրավիճակում "Արդարություն և զարգացում" կուսակցությունն ունի երկու ելք՝ կամ ձևավորել փոքրամասնության կառավարություն, քանի որ երկրում գործում է համամասնական ներկայացվածության համակարգ, կամ ձևավորել կոալիցիոն կառավարություն:
Հայ փորձագետ Ռուբեն Մելքոնյանը նույնպես քիչ հավանական է համարում Անկարայի քաղաքականության փոփոխությունը Երևանի նկատմամբ: «Շտկումներ և հռետորաբանության կոշտացում հնարավոր է այն դեպքում, եթե Արդարություն և զարգացում կուսակցությունը կոալիցիա կազմի Ազգայնական շարժում կուսակցության հետ: Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ Թուրքիայում կառավարական ճգնաժամ է սկսվում և արտաքին քաղաքականության հարցերը որոշ ժամանակով հետին պլան են մղվելու»,-նշել է Մելքոնյանը VERELQ-ի հետ զրույցում:
Նրա խոսքով, որոշ դրական տեղաշարժեր կարելի էր սպասել, եթե քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը կարողանար մեծ ներկայացվածություն ապահովել խորհրդարանում, այլ ոչ թե այն 10%-ը, որը նա ստացել է ընտրությունների արդյունքում:
Թուրք քաղաքագետ Մուսթաֆա Այդընը հնարավոր է համարում հայ-թուրքական հարաբերություններում որոշակի դրական փոփոխություններ, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն կառավարության ձևավորումից հետո:
«Մինչ այս պահը նախագահ Էրդողանը ոչ մի նոր բան չի ասել հայ-թուրքական գործընթացի մասին, նա կրկնում էր նախկին դիրքորոշումը՝ հայ-թուրքական սահմանը չի կարող բացվել մինչ այն պահը, քանի չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը: Էրդողանը իր հայտարարություններում հաշվի է առնում հասարական կարծիքը: Սակայն թուրքական հասարակությունում գործում են նաև խմբեր, որոնք աշխատում են Հայաստանի հետ հարարաբերությունների կարգավորման ուղղությամբ», - նշել է Այդընը՝ Aravot-ի հետ զրույցում:
Նա նշել է, որ այն բանից հետո, երբ օգոստոսի վերջին կձևավորվի թուրքական կառավարությունը, արդեն աշնանը կարելի է փոփոխություններ սպասել բանակցային գործընթացում: «Այդ բանից հետո հնարավոր կլինի Հայաստանի հետ բանակցություններին նոր շունչ հաղորդել», - հավելել է քաղաքագետը: