23.12.2024
Ադրբեջանցի դիվանագետը մեղադրել է երկրի իշխանություններին իր գործընկերներին բռնաճնշելու համար
08.06.2015
Ադրբեջանցի դիվանագետը մեղադրել է երկրի իշխանություններին իր գործընկերներին բռնաճնշելու համար

Ադրբեջանցի դիվանագետ, ԵՄ-ում Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին դեսպան Արիֆ Մամեդովը մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին իր գործընկերների նկատմամբ բռնաճնշումներ գործադրելու մեջ: Բռնաճնշումների պատճառը նրանց կողմից Facebook սոցիալական ցանցում Մամեդովի՝ Բաքվում մայիսի 19-ին տեղի ունեցած հրդեհի զոհերին ցավակցելու մասին խոսքերը "լայքելն" էր: «Շատ զարմացած և վրդովված եմ երկրի լավագույն դիվանագետների նկատմամբ սկսված որսով: Բռնաճնշումների հրամանը տրվել է երկրի բռնաճնշումների ֆաբրիկայի կողմից: Դա վեր է բոլոր տեսակի հասկացողությունից, երբ Բաքվում տեղի ունեցած ողբերգական հրդեհի զոհերին ուղղված Facebook սոցիալական ցանցում իմ խոսքերը "լայքելու" համար Բաքվում աշխատանքից ազատում են լավագույն դիվանագետներին: Դիվանագետներին ստիպում են գրել ստորացնող հայտարարություններ: Որոշ մարդիկ այդ բռնաճնշումները համեմատում են ԽՍՀՄ-ում 1930-ական թթ.-ի ռեպրեսիաների հետ: Ես կասեի, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում, կարելի է իշխանությունների մարազմ անվանել: Դա չկար ոչ 1930-ական, ոչ 1940-ական թթ.-ին և անգամ ինկվիզիցիայի տարիներին», - նշել է Մամեդովը: Արիֆ Մամեդովը հավելել է, որ Բելգիայի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես դիմել է իրեն՝ թիկնազոր տրամադրելու առաջարկով: «Ես նախօրեին գործուղումից վերադարձել եմ Բելգիա և շոկի մեջ եմ ընկել իմանալով, որ Բելգիայի ԱԳՆ-ը և եվրոպական ինստիտուտներն արդեն գիտեն այդ լկտիությունների մասին: Ինձ պաշտոնապես դիմել են ինձ և իմ ընտանիքի համար թիկնազոր տրամադրելու առաջարկով: Ես հրաժարվել եմ, սակայն Բելգիայի ԱԳՆ-ն պնդում է: Որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել, որ ես քաղաքական ապաստան եմ խնդրում Նորվեգիայում: Չեք տեսնի դա: Իմ վճռականությունը պայքարել իմ ժողովրդի նկատմամբ անարդարությունների դեմ անսահմանափակ է», - հավելել է նա: Արիֆ Մամեդովը նաև դիմել աշխատանքից ազատված և իր ընդդիմադիր հայտարարություններն աջակցած Ադրբեջանի ԱԳՆ-ի դիվանագետներին: Բաքվում մերձիշխանական շրջանակներն արդեն խիստ քննադատության են ենթարկել Մամեդովին նրա սուր հայտարարությունների համար՝ մեղադրելով նրան դավաճանության և Արևմուտքին աջակցելու մեջ: Հիշեցնենք, որ Բաքվում 16-հարկանի շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել էր 16 մարդ: Հրդեհի պատճառը շենքի անորակ երեսպատումն էր: