Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է. ԱԳՆ
Հայ-թուրքական արձանագրությունները որոշակի նախապայմաններով ստորագրված լինելու մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը բացարձակ սուտ է: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է։ Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք հայտարարել, թե արձանագրությունների բանակցման ընթացքում Թուրքիան խոստացել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը:
Կրկին հիշեցնենք, որ բանակցությունները 2008թ. մեկնարկեցին թուրքական կողմի հետ հենց այն փոխադարձ համաձայնությամբ, որ այդ գործընթացը չի կարող ունենալ որևիցե նախապայման։ Այս համաձայնության հիման վրա ընթացան բանակցությունները և ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները։ Նախապայմանների բացակայության մասին բազմիցս են հայտարարել գործընթացին լավատեղյակ տարբեր մայրաքաղաքներից»,–ասել է Բալայանը։
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղուն Բաքվում հայտարարել էր, թե «Շվեյցարիայում ստորագրված հայ–թուրքական արձանագրությունների հիմնական պայմանն այն էր, որ ՀՀ–ն դուրս կգա «օկուպացված տարածքներից», ինչից հետո իրենք կկարգավորեն հարաբերությունները»։