ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունեց բանաձեւ` ընդդեմ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն: Բանաձեւին կողմ է քվեարկել նաեւ Հայաստանը:
Բանաձեւին դեմ քվեարկեցին 9 երկրներ` Գվատեմալան, Հոնդուրասը, Իսրայելը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն, ԱՄՆ-ն ու Տոգոն:
Փաստաթղթի ընդունմանը կողմ է եղել 128 պետություն, 35 երկրներ ձեռնպահ են մնացել քվեարկությունից, իսկ 20 երկրներ առհասարակ հրաժարվել են որեւէ դիրքորոշում հայտնել, այդ թվում` Վրաստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մոլդովան, Մոնղոլիան, Մյանման, Ուկրաինան:
Բանաձեւի տեքստը, որը կազմել են Յեմենն ու Թուրքիան, գրեթե ամբողջությամբ կրկնում է այն բանաձեւի նախագիծը, որն արգելափակվել է ԱՄՆ-ի կողմից դեկտեմբերի 18-ի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում:
Գլխավոր Ասամբլեայի կողմից որոշման ընդունումից հետո հայտարարվել է, որ ցանկացած քայլեր, որոնք ուղղված կլինեն սուրբ քաղաք Երուսաղեմի կարգավիճակը կամ աշխարհագրական ամբողջականությունը խախտելուն, ոչ մի իրավական ուժ չեն ունենա, կլինեն անիրական ու ենթակա վերացման:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ՄԱԿ-ում հայտարարել էր, որ սա շատ կարեւոր օր է ԱՄՆ-ի համար եւ Վաշինգտոնն այն հիշելու է: Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, ԱՄՆ-ն Երուսաղեմում դեսպանություն կբացի՝ անկախ ՄԱԿ-ի ցանկացած որոշումից: «Ամերիկան դեսպանատունը կտեղակայի Երուսաղեմում: Դա այն է, ինչ ցանկանում է ամերիկացի ժողովուրդը, և դա ճիշտ է: ՄԱԿ-ում և ոչ ի քվեարկություն դրա վրա չի ազդի», - ասել է Հեյլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳՎ նիստում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր դադարեցնել այն երկրներին տրվող ֆինանսական աջակցությունը, որոնք կողմ կքվեարկեն բանաձեւի ընդունմանը: Այսպիսով Թրամփի որոշումը` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, իրավական ուժ չունի:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ՄԱԿ-ում հայտարարել էր, որ սա շատ կարեւոր օր է ԱՄՆ-ի համար եւ Վաշինգտոնն այն հիշելու է: Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, ԱՄՆ-ն Երուսաղեմում դեսպանություն կբացի՝ անկախ ՄԱԿ-ի ցանկացած որոշումից: «Ամերիկան դեսպանատունը կտեղակայի Երուսաղեմում: Դա այն է, ինչ ցանկանում է ամերիկացի ժողովուրդը, և դա ճիշտ է: ՄԱԿ-ում և ոչ ի քվեարկություն դրա վրա չի ազդի», - ասել է Հեյլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳՎ նիստում:
Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում, որ հաջորդ տարիների ընթացքում ԱՄՆ արտաքին օգնությունները կրճատվեն, հատկապես կկրճատվեն այն երկրներին հասնող օգնությունները, որոնք ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեմ են արտահայտվում: Նրա խոսքով, կրճատումները կարող են վերաբերվել նաեւ Հայաստանին:
«Իհարկե, վաղ է ասել, որ այդ որոշումը կազդի նաև Հայաստանի վրա, բայց պետք է նկատել, որ Հայաստան ուղղվող օժանդակության ծավալները մշտապես փոխվում են, իհարկե, ԱՄՆ-ում հայ լոբբիստներն աշխատում են, որ այդ ֆինանսական միջոցները չկրճատվեն, բայց չեմ բացառում, որ կրճատումներ կլինեն», - ասել է նա tert.am-ի հետ զրույցում:
Անդրադառնալով Երուսաղեմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ այն բալանսավորված էր․ արտահայտված էր երկրների մեծամասնության մոտեցումը: «Բոլորի ցանկությունն էլ այն է, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցող: Սա ընդունված մոտեցում է, և Հայաստանն այլ կերպ չէր էլ կարող վարվել»,- նշեց նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք եւ հրահանգել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։ Որոշմանը հաջորդեցին զանգվածային անկարգությունները, ցույցերն ու բախումները, իսկ երեկ Պաղեստինը հայտարարեց իսրայելա-պաղեստինյան երրորդ էստաֆադի` պատերազմի սկզբի մասին:
Աշխարհի բազմաթիվ երկրներ Թրամփին կոչ էին արել խուսափել նման հայտարարությունից, քանի որ այն կթեժացնի Արեւելքում լարվածությունը։ Նրա քայլի հետ կապված մտահոգություն են հայտնել նաեւ Եվրամիությունը, արաբական երկրները, Թուրքիան եւ Ռուսաստանը:
Իսրայելը Երուսաղեմն անվանում է իր մայրաքաղաքը, որը «միասնական եւ անբաժան է»: Խոսքը նաեւ քաղաքի արեւելյան թաղամասերի եւ պատմական կենտրոնի մասին է, որոնք կես դար առաջ նա գրավել է Հորդանանից եւ ավելի ուշ բռնակցել:
Միջազգային հանրությունը չի ճանաչում անեքսիան եւ քաղաքի կարգավիճակը համարում է հակամարտության ամենակարեւոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի Երուսաղեմի արեւելյան հատվածին հավակնող պաղեստինցիների հետ պայմանավորվածության հիման վրա: