VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւ, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Բանաձեւին կողմ են քվեարկել 128 երկրներ, այդ թվում` Հայաստանը, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն եւ Տոգոն: Եմենի եւ Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձեւի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում եւ կոչ է արվում բոլոր պետություններին չտեղակայել իրենց դեսպանատները Սուրբ քաղաքում:
Այս բանաձեւին Հայաստանի «կողմ» քվեարկությունը կանխատեսելի էր մի քանի պատճառով: Նախ` պարզ էր, որ ԱՄՆ-ը ցանկացած պարագայում հայտնվելու է փոքրամասնության մեջ, եւ Հայաստանը, ըստ ամենայնի, գերադասել է համերաշխ գտնվել միջազգային հանրության հետ: Բացի այդ, գոյություն ունի Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող կալվածքների պաշտպանության հարցը ու` չնայած Իսրայելի հրապարակային հավաստիացումներին, եկեղեցին պնդում է, որ իրեն ավելի ապահով է զգում Պաղեստինի իշխանության ներքո: Մյուս կողմից` ՄԱԿ-ի բոլոր սկզբունքային քվեարկություններում Հայաստանը հետեւել է Ռուսաստանի օրինակին, իսկ այս հարցում Մոսկվայի սկզբունքային որոշումը հնչել է Վլադիմիր Պուտինի մակարդակով: Սակայն գոյություն ունի նաեւ մեդալի մյուս կողմը: Հայաստանն Իսրայելից հետո օգնություն ստացող երկրորդ երկիրն է եւ կարծում ենք` այլ կերպ կարող էր դիրքավորել իրեն, որովհետեւ սա շատ լավ հնարավորություն կարող էր դառնալ ԱՄՆ-ի հետ ավելի մերձենալու, սերտ հարաբերություններ ստեղծելու համար:
Հայաստանն, օրինակ, կարող էր ձեռնպահ քվեարկել բանաձեւին, մանավանդ, որ դրա հիմնական նախաձեռնողը Թուրքիան էր: Բնականաբար, նման քվեարկությունը որոշակիորեն կնպաստեր հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը` հարված հասցնելով Բաքվի եւ Թել Ավիվի սերտ ռազմա-տեխնիկական համագործակցությանը: Պակաս կարեւոր չէր այն հանգամանքը, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով` Թրամփը ստեղծել է հակամարտությունների կարգավորման նախադեպ` հիմնված գոյություն ունեցող փաստերի վրա: Այս նախադեպը կարող էր դրական հեռանկարներ բացել նաեւ ԼՂ խնդրի կարգավորման համար: Այնուամենայնիվ, Հայաստանն որոշել է կողմ քվեարկել բանաձեւի, որով կոչ է արվել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից:
Սա այն դեպքն է, որ Հայաստանի ցանկացած դիրքորոշում կարելի էր մոտիվացնել մի քանի ծանրակշիռ փաստարկներով։ Հուսանք, որ Երեւանի երեկվա քվեարկությունը ինքնուրույն եւ կշռադատված որոշման արդյունք է եղել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխանություններն արդեն մի քանի օր է՝ էյֆորիայի մեջ են. այս տարվա 11 ամիսների սոցիալ-տնտեսական լավ ցուցանիշներ են արձանագրել: Երեկ էլ Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ գործարարների համար կազմակերպված ընդունելության ժամանակ անդրադարձել է ԱՎԾ թվերին` առանձնացնելով հատկապես արտահանման ոլորտում գրանցված աճը: «Տնտեսական ակտիվության գործակիցը բավականաչափ մեծ է. արդեն 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Մեր առևտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը՝ արտաքին առևտրաշրջանառության մասին է խոսքը»,- հայտարարել է նա: Հիասքանչ է ասված: Բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք. չնայած հրճվանք պատճառող աճին` արտահանման ծավալները, միևնույն է, շարունակում են զիջել ներկրմանը՝ ավելի քան 1.7 անգամ: Ասել է, թե Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հաշվեկշիռը շարունակում է բացասական հունով ընթանալ. «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարի արտահանվել է 2 մլրդ 13 մլն դոլարի և ներկրվել 3 մլրդ 770 մլն դոլարի ապրանք: Այնպես որ, հրճվելու, աջ ու ձախ այդ ցուցանիշները թմբկահարելու շատ բան չկա: Հատկապես, երբ իշխանությունները խոստացել էին Հայաստանի տնտեսությունը դարձնել արտահանելի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է: «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է անդրադառնալու Առաքելյանի ընտանիքին պատկանող 15 հեկտար այգիներին: Ու քանի որ հսկայական հողակտորների և այգիների տեր են նաև ներկա ու նախկին պաշտոնյաները, «Ժողովուրդ» օրաթերթն Իգնատի Առաքելյանին հարցրեց՝ արդյոք պետական քաղաքականություն չէ՞ գյուղատնտեսությունը գյուղացու ձեռքից վերցնելը: «Ես չգիտեմ, ով ինչ ունի: Բայց այն, ինչ որ մեր ընտանիքում կա, դա մենք ստեղծել ենք մինչև իմ նախարար նշանակվելը: Խոսքը ընդամենը 15 հա այգիների մասին է: Դա համատեղ կոոպերացված գործունեություն է, որտեղ կա ամեն ինչ: Ես դա սկսել էի այն ժամանակ, երբ աշխատում էի Երևանի կոնյակի գործարանում»,- պատասխանել է նա՝ հավելելով, թե ժամանակին դա իր համար եղել է հոբբի` հասկանալու, թե գյուղատնտեսությունը որքանով կարող է արդյունավետ լինել Հայաստանում»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախօրեին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր մոտ է կանչել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին, որպեսզի հասկանա, թե Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հետ կապված իրականում ինչ է կատարվել։ Երբ բոլորը միահամուռ ցանկացել են կատարվածը բարդել Ազիզյանի վրա, Ծառուկյանը հորդորել է վերջ տալ ստեղծված իրարանցմանը, ասելով՝ թեմա չկա, փակեք թեման ու մի դարձեք «Ելքի» խաղալիքը: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը արտահերթ նիստում ԱԺ-ում ստեղծված խառնաշփոթի ժամանակ պարզվել էր, որ «Ծառուկյան» խմբակցությունից միայն մեկ հոգի՝ Նապոլեոն Ազիզյանն է կողմ քվեարկել Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քվեարկության ժամանակ, և այս փաստն էլ պատճառ էր դարձել, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները լքեն դահլիճը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի «աստղ» (մարզպետ-նախարար-ԱԺ հանձնաժողովի նախագահ), այժմ «գործազուրկ» Վարդան Այվազյանին հարցրինք՝ բա էդքան բուռն կյանքից հետո չե՞ք ձանձրանում: «Չեմ ձանձրանում»: Նեղացա՞ծ եք հայրենի կուսակցությունից: «Իհարկե` ոչ»: Ողջ օրը նստա՞ծ եք տանը: «Նստած եմ»: Ե՞րբ կլինի «մի բան»: «Էնքան կարող ուժեր կան, էնքան մարդ կա նստած տանը»: Ինչո՞վ եք լցնում Ձեր օրը։ «Շփվում եմ»: Ո՞ւմ հետ: «Կան, էլի»: Արգամիչի՞․ ասում են՝ պաշտոնը թողնելուց հետո հա հիվանդանում է, ճնշումն ու սիրտը չեն ենթարկվում: «Լինում է, որ Արգամիչին էլ եմ տեսնում»: Դարդ-դարդի՞ եք տալիս։ «Մենք դարդ չունենք»: Բա ի՞նչ եք խոսում: «Հազար ու մի բան։ Դե մենակ Արգամիչի հետ չի, որ հանդիպում եմ»: Էլ ո՞ւմ: «Դե, որ ասեմ Սերժ Սարգսյանի, հարցնելու ես՝ ի՞նչ եք խոսել, լավ է` չասեմ»: Չեմ հարցնելու, գիտեմ, որ ասել է` Վարդան, մինչև գարուն համբերի: «Այ, այդ մեկը սխալվեցիր, ես պաշտոն չեմ ուզում, թող մեր խոսացածը մնա գաղտնիք, երկրի վիճակը լավ ըլնի, ես կարևոր չեմ»: Փաստորեն, ասել է: «Հազիվ էի պրծել ձեզնից, էս ի՜նչ ցավ է, ինչքա՜ն ժամանակ է՝ ինձ լրագրող չէր զանգում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը գրեթե գաղտնի է մշակվում, անգամ իրավաբանական կորիֆեյներն են պնդում` «չենք տեսել, չենք լսել, չգիտենք»: Այնուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ օրենքի նախագծի վրա բավականին ակտիվ աշխատում են․ արդարադատության նախարարությունը կառավարության հետ համաձայնեցված մշակում է, սակայն այդ մասին չեն բարձրաձայնում՝ հորդորում են մինչև հունվար սպասել: Կառավարության մեր աղբյուրի պնդմամբ` հունվարյան նստաշրջաններից մեկում այն արդեն կլինի ԱԺ օրակարգում, ինչը նույնպես հարցականի տակ է, որովհետև պառլամենտի աշխատանքները կմեկնարկեն հունվարի 15-ին, կկայանա ընդամենը մեկ քառօրյա, և «կառավարության կառուցվածքը», ըստ ամենայնի, կմնա չքննարկված մինչև փետրվար: Օրենքի չհրապարակայնացման-ձգձգման պատճառը մեկն է՝ ուժային-առընթեր մարմինների «դիսլոկացիան», որով էլ որոշվելու է, թե ով է ապագա վարչապետը, և քանի որ այդ առնչությամբ Սերժ Սարգսյանն ասել է` «կտեսնենք», օրենքը դեռ «մեյդան» չի հանվում:Հիշեցնենք, որ քննարկվում է նաև ուժայիններին հատուկ կարգավիճակ տալու և ոչ վարչապետի ենթակայության տակ դնելու հարցը։ Եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը հանկարծ որոշի չզբաղեցնել վարչապետի պաշտոնը»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀԿ անդամ, Ազգային ժողովի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մկրտիչ Մինասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Հայտարարագրից պարզվում է, որ Մինասյանը երկու ավտոմեքենա ունի՝ երկուսն էլ Մերսեդես մակնիշի, որից մեկն էլ «յաշիկ»: Դրանք են «MERCEDES–BENZ G 55 AMG COMPRESSOR» և «MERCEDES–BENZ S550» մակնիշների ավտոմեքենաները: Մինասյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 15 միլիոն դրամ ու 12 հազար ամերիկյան դոլար: Իսկ եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 503 հազար դրամ ու ստացվել 2 միլիոն 203 հազար դրամ աշխատավարձից ու 300 հազար դրամ կենսաթոշակից»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ նոր կառավարությունում ՀՅԴ պորտֆելների փոփոխություններ լինեն, միաժամանակ նշել է, թե այդ հարցը այնքան էլ էական չէ։ «Պորտֆելներն այդքան էլ էական չեն այս խնդրի հետ կապված, բնականաբար, կարող են տեղի ունենալ որոշակի վերադասավորումեր նոր կառավարության ձևավորման առիթով»,- ասել է Ռուստամյանը։ Թղթակցի հարցին՝ ի՞նչ վերադասավորումների մասին է խոսքը՝ պորտֆելների թիվը կշատանա՞, թե՞ կնվազի, Ռուստամյանը պատասխանել է. «Դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի որ այդ մասին դեռ քննարկումներ չեն սկսվել։ Բայց ակնկալում ենք, որ տեղի կունենան եկող տարում»»։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նատի» անունը կրող թաղամասի բնակիչների և դրա հարևանությամբ կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանի միջև վեճը դեռ չի ավարտվում: Թաղամասի բնակիչները «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն բաց նամակ են ուղարկել, որն ուղղված է վարչապետ Կարեն Կարապետյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը և Սերժ Սարգսյանին, անդրադարձ կա նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեր տների կողքին՝ ք. Եղվարդ Երևանյան խճուղի 129 հասցեում, կառուցվող անհայտ ծագման շինության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ենք պահանջել բնապահպանության նախարարությունից, որը մեզ պարզ ու հստակ պատասխան տալու փոխարեն (անվտանգ է, թե ոչ) ուղարկել է փաստաթղթերի մի փաթեթ, որոնք ստացել է Ալֆրեդ Աբեդի անունով գործարանատիրոջից: Դուրս է գալիս, որ նախարարությունը վերջինիս փոստատարի դերն է ստանձնել:
Ալֆրեդ Աբեդին իր բիզնես գործունեությանը շահեկան բացատրագիր է ուղղել նախարարությանը, ինչն առանց լիարժեք մասնագիտական ուսումնասիրության ուղարկվել է մեզ»,- գրել են «Նատի» թաղամասի բնակիչներն ու հավելել, որ իրենք երաշխիքներ ոչ թե գործարանը կառուցողից են ուզում, այլ պետական կառույցներից, մասնավորապես, բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններից: Նրանք նշել են, որ գործարանը բնապահպանության նախարարություն ուղարկած բացատրագրում նշել է, որ Եղվարդում կառուցվում է բիտումի և քսայուղերի պահեստավորման և հետագա տարալցման գործարան, մինչդեռ դրան հակասող տեղեկատվություն է ներկայացված «Արմօյլ» գործարանի պաշտոնական կայքում, որտեղ ասվում է, որ իրենք տարածաշրջանում նմանը չունեցող նավթավերամշակման գործարան են կառուցում:
Նամակում ասվում է նաև, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին «Արմօյլ» ընկերությունը որևէ նախագիծ փորձաքննության չի ներկայացրել և չունի բնապահպանական փորձաքննության եզրակացություն՝ անկախ նրանից, թե ինչ է կառուցում: Մինչդեռ նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության: «Գործարանը կառուցվում է օրենքները շրջանցելով և առանց թույլտվության, սակայն առանց խոչընդոտների և դրա բացատրությունը հետևյալն է. քանի որ հողատարածքի սեփականատերն է հայտնի ազդեցիկ գործարար Գագիկ Ծառուկյանը, իսկ վերջինիս փեսան Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն է»,- գրել են նամակի հեղինակները՝ նշելով, որ Եղվարդի քաղաքապետ Նորիկ Սարգսյանը շուրջ 2 ամիս է չի պատախանում իրենց նամակին և չի հանդիպում իրենց հետ, որն էլ հիմք է տալիս եզարակացնելու, որ այդ ապօրինության հեղինակն ու հովանավորը եղել է քաղաքապետը:
Բնակիչները նաև նշել են, որ գործարանի հողատարածքի նպատակային նշանակությունը փոփոխվել է առանց կից հողօգտագործողների թույլտվության: «Մենք պահանջում ենք հասարակ ու պարզ բան՝ տալ մեզ մասնագիտական պատասխան, երաշխիք, տվյալ արտադրությունը մեզ ու մեր առողջությանը, մեր այգիներին ու բնությանը, վնաս է, թե ոչ: Դադարեցնել եղեռնաշինությունը հակառակ դեպքում կձեռնարկվի խիստ միջոցներ մինչև անգամ հանրապետական նշանակության ճանապարհները փակել»,- ասված է բաց նամակում:
Եղվարդի բնակիչներն իրենց ստորագրություներով կազմված նամակին կից ներկայացրել են նաև նաև «Արմօյլ» ընկերության տնօրենի բացատրագիրը, որը վերջինս ներկայացրել է բնապահպանության նախարարությանը: Բացատրագրում Ալֆրեդ Աբեդին գրել է, որ Եղվարդում իրենք նախատեսել էին կառուցել դիզելային վառելիքի պահեստարաններ, որը կառուցվել է 2015 թվականին: Հետագայում ընկերությունը կառավարությանը ներկայացրած ներդրումային ծրագրով որոշել է կառուցել բիտումի և քսայուղերի պահեստավորման և յուղերի տարալցման գործարան և վերջինիս սպասարկման համար նախատեսված վարչական շենք: «Ներկայումս իրականացվում են շինմոնտաժային աշխատանքներ վերը նշված գործունեություններն իրականացնելու համար, և նշեմ, որ նախատեսվող գործունեության կառուցապատման ընդհանուր մակերեսը չի գերազանցում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափաքանակը»,- իր բացատրագրում գրել է ընկերության տնօրենն ու հավելել, որ նախարարությանն է ներկայացրել Եղվարդ համայնքի ղեկավարի որոշման պատճենը, «Սեմուր ընդ Կո» և «Գնդասար ՀԷԿ» ՍՊԸ-ների կողմից տրված համաձայնությունների պատճենները»:
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանից «Իրավունքը» երեկ փորձեց հետաքրքրվել մի քանի հարցերի վերաբերյալ իր դիրքորոշման մասին, սակայն պարոն օրենսդիրը միանգամից կանխեց հարցերը. «Ինձ չի հետաքրքրում, դրա վախտը չի»: Քաղաքականությունից զատ, Կ. Կարապետյանին փորձեցինք ուղղել ապաքաղաքական՝ Ամանորի վերաբերյալ մի քանի հարց, բայց պատասխանն էլի նույնն էր. «Ի՞նչ Ամանոր, դրա վախտն ա՞, ինձ չի հետաքրքրում»: