Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ֆեյսբուքյան գրառմամբ մտահոգություն է հայտնել անցած գիշեր Երևանի կենտրոնում տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ: «Ես լրջորեն մտահոգված եմ Երևանի կենտրոնում այսօր ավելի վաղ խաղաղ ցուցարարներին ոստիկանական ուժի կիրառմամբ ցրելու կապակցությամբ», - գրել է Մուժնիեկսը:
«Շատ անհանգստացնող են նաև տեղեկությունները լրագրողների նկատմամբ բռնություններ գործադրելու, նրանց ձերբակալելու, սարքավորումները վնասելու վերաբերյալ», - հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը: «Լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան աշխատել ազատ և ապահով միջավայրում», - նշել է հանձնակատարը: Նա Հայաստանի իշխանություններին հիշեցրել է միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ խոսքի ազատության ապահովման կապակցությամբ, պահանջել է քննել լրագրողների նկատմամբ իրավապահների գործողությունները:
ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հայաստանի իշխանություններին կոչ է արել «անհապաղ հետաքննություն սկսել» անցած գիշեր Երևանի կենտրոնում լրագրողների վրա հարձակումների կապակցությամբ: ԵԱՀԿ-ն հաղորդագրությամբ վկայակոչում է տեղեկությունները, որ մի շարք, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Հետք»-ի, «Գալա TV»-ի, «Հայկական ժամանակ»-ի լրագրողների նկատմամբ ոստիկանները կիրառել են ֆիզիկական բռնություն, կոպիտ վերաբերմունք, տարել են ոստիկանական բաժիններ՝ Երևանում հանրային բողոքի ակցիայի լուսաբանման ժամանակ, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ վնասել կամ խլել են լրագրողների սարքավորումները: ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցչի խորհրդական Գուննար Վրանգը նշել է, որ խոսքի ազատության հետ կապված խնդիր է, երբ փորձում են ձերբակալել կամ կալանավորել լրագրողներին այն պահին, երբ նրանք կատարում են իրենց մասնագիտական պարտականությունը:
Անցած գիշեր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների հետ մեկտեղ բռնության ենթարկված և ոստիկանության բաժին տեղափոխված լրագրողները կրել են վկայականներ, սակայն ոստիկանները շարունակել են վնասել նկարահանող սարքավորումները և խոչընդոտել են լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարումը:
Այս իրավիճակի կապակցությամբ ԵԱՀԿ ներկայացուցիչ Գուննար Վրանգի արձագանքը հետևյալն է. - «Առանձնակի մտահոգիչ է, երբ իսկապես թիրախավորվում են լրագրողները: Մեր կազմակերպության համար լրագրողների անվտանգությունը առաջնահերթ կարևորություն ունի: Երբ տեղի են ունենում լրագրողների ծեծի, բռնության, ֆիզիկական հարձակման դեպքեր, դա հարձակում է խոսքի ազատության վրա»։ «Իրավապահները պարտավոր են հետաքննել տեղի ունեցածը», - պնդեց Վրանգը։