Ռուսաստանի եւ Վրաստանի պետական սահմանում գտնվող Լարսի անցակետում 100-ավոր մեքենաները շարունակում են անորոշ ժամանակով կուտաված մնալ: Սահմանային անցակետը փակ է եղանակային վատ պայմանների պատճառով, որը կաթվածահար է արել ճանապարհային երթեւեկությունը:
Ըստ Armtimes.com-ի տվյալների, արդեն 24 ժամ է ռուս-վրացական սահմանի ռուսական կողմում, ըստ տեղում գտնվողների, շուրջ 2000 հայաստանցիներ կան, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են, որովք ցրտի եւ անորոշությա մեջ սպասում են:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարց:
«ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա եւ 3 ավտոբուս»,- գրում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են , որ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ: «Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար», - տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Անցակետում է գտնվում նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը: Վրաստանում՝ Կազբեգի անցակետի հատվածում, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ նախնական տեղեկատվության՝ առկա է ձնահոսքի վտանգ, ուստի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– հայտնում է Բալայանը:
Լարսի անցակետի փակ լինելու մասին սոցիալական ցանցերից մեկում անգամ ֆորում է բացվել, որտեղ մարդիկ պարբերաբեր տեղեկություներով են կիսվում իրար հետ: Երեկ ուշ ժամի Համլետ Դավիդյան անունով օգտատերը գրել է. «Բարի երեկո բոլոր նրանց ովքեր հիմա ճանապարհին սպասում են, որ Լարսը բացվի: Մերոնք՝ կինս ու երկու երեխաներս, նույնպես այդտեղ են, բոլորիդ համբերություն եմ ցանկանում, ուժեղ եղեք: Ճանապարհը սառած է, եթե գիշերը չբացեն, ապա առավոտյան 10-ից բացվելու է: Կարեւորը անփորձանք տեղ հասնեք, Աստված ձեր հետ»:
Օգտատերերից մեկն էլ մեկ ժամ առաջ գրել է, որ ԶԼՄ-ների փոխանցմամբ աղ են լցնում ճանապարհին, սակայն ճանապարհը դեռ փակ է:
Քիչ առաջ էլ ֆորումի ադմինիստրատներից մեկը հաղորդագրություն է ներկայացրել, ըստ որի ճանապարհը մեկ ժամից կբացվի: Թեւթեւ մարդատար մեքենաներն առանց անվաշղթաների կարող են անցնել, իսկ բեռնատարների համար ճանապարհը կշարունակվի մնալ փակ: