Վրաց-ռուսական միջանցքներով. Սերժ Սարգսյանը Թբիլիսի այցից հետո կմեկնի Մոսկվա
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-26-ին կայցելի Վրաստան: Այդ երկիրը պատրաստվում է վերագործարկել Ռուսաստանի հետ առկա «առեւտրային միջանցքները», որոնք անցնում են Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքներով:
Վրաստանը մի քանի օր առաջ պայմանագիր է կնքել Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության, որը ենթադրում է Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքներով Ռուսաստան ապրանքների փոխադրման հնարավորություն: Սակայն այն գործելու է Կազբեգ-Վերին Լարս ավտոճանապարհին ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում:
Մինչ այդ Ռուսաստանն ու Վրաստանը ձեռք էին բերել պայմանավորվածություն առ այն, որ Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերությունը պետք է վերահսկի Աբխազիայի ու Հարավայի Օսիայի տարածքներով Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ տեղի ունեցող ապրանքաշրջանառությունը:
Հիշեցնենք, որ խոսքը Վրաստանի եւ Ռուսասատնի միջեւ դեռեւս 2011 թ-ին կնքված «Առեւտրային միջանցքների» պայմանագրի վերակենդանացման մասին է: Մոսկվան ու Թբիլիսին կարծես որոշել են՝ շրջանցելով սուր քաղաքական հարցերը, համագերծակցել առեւտրի եւ ճանապարհների վերագործարկման հարցում:
Այս համաձայնությունը կենսական նշանկություն ունի նաեւ Հայաստանի համար՝ հաշվի առնելով Լարսի անցակետի ոչ հուսալիությունը հատկապես եղանակային անբարենպաստ պայմանների ժամանակ: Հայկական բեռներն օրերով կամ շաբաթներով կարող են տեղից չշարժվել՝ այսպիսով կաթվածահար անելով միջպետական առեւտուրն ու մարդկանց ազատ տեղաշարժը:
Վրաստանի տարածքով է իրականացվում Հայաստանի արտաքին առեւտրի շուրջ 80 տոկոսը:
Այս համաձայնության ի կատար ածման պարագայում, նշում են փորձագետները, հնարավորություն կբացվի նաեւ Հայաստան-Ռուսաստան երկաթուղու աբխազական հարվածի վերագործարկման համար:
Վրաց-ռուսական առեւտրային ուղիները բացելու եւ վերոնշյալ համաձայնագիրը կյանքի կոչելու համար Ռուսաստանը եւս պետք է պայմանագիր կնքի Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության հետ: Փորձագետների կարծիքով, այս հարցը կարող է լինել Սարգսյանի՝ Թբիլիսի ու Մոսկվա հաջորդական այցերի ժամանակ քննարկումների հիմնական թեման: