Որքան էլ մեզ ուսանողները հուշեն, որ պետք է հրապարակավ խնդրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեզ խղճալ՝ մե՛զ, և գնալ հայրենիքը պաշտպանել, մենք այդպիսի բաներ չենք անելու, որովհետև հայրենիքը միայն մերը չէ, հայրենիքը բոլորինն է: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում, որտեղ նա մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, խորհրդի անդամները քննարկել և հավանություն են տվել 2016-2017 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև 2016-2020 թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2016-2017 ուստարում նախատեսված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվություններին: Համալսարանի 2016-2017 ուսումնական տարվա գործունեությունը գնահատվել է բավարար:
Նիստի ընթացքում ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է նաև ԵՊՀ եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդումը, որն ընդունվել է ի գիտություն: Խորհրդի անդամները հաստատել են 2018 ֆինանսական տարվա ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշիվը, 2018թ. համալսարանի կառուցվածքը և հաստիքացուցակը: Օրակարգային հարցերից բացի քննարկվել են ընթացիկ հարցեր, Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:
Նիստի ավարտին Նախագահ Սարգսյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին ու բոլոր համալսարանականներին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է անցնող 2017 թվականին և այն համարել ձեռքբերումների ու աշխատանքի տեսակետից հաջողված տարի, որը բարենպաստ հիմք է հաջորդ տարի ամրապնդելու հաջողությունները ինչպես տնտեսության, արտաքին քաղաքականության, այնպես էլ այլ ոլորտներում և զարգացման բնականոն ուղով առաջ ընթանալու համար:
«Ձմռան վերջին, միգուցե, գարնան սկզբին կփորձենք ի մի բերել տարվա արդյունքները և եթե, իրոք, կարողանանք 2018 թվականին էլ ինչ-որ բան ավելացնել, կարծում եմ, մենք արդեն կընկնենք բնականոն զարգացման ավելի հաճելի ուղի, քան այն ուղին, որ լի էր ցնցումներով, պրոբլեմներով, ճգնաժամերով: Բայց ամենահիմնականը ես համարում եմ ընտրություններից հետո մեր երկրում կատարված աշխատանքը անվտանգության, պաշտպանության ոլորտներում: Մեր զինված ուժերն այս տարվա ընթացքում համալրվեցին ինչպես սպառազինությամբ, այնպես էլ բազմաթիվ բարեփոխումներ իրականացվեցին և իրականացվում են: Համոզված եմ՝ այս տեմպը շարունակելու դեպքում մենք անվտանգության ոլորտում, ավելի հստակ՝ զինված ուժերում, որևէ խնդիր չենք ունենալու: Եվ որքան էլ մեզ ուսանողները հուշեն, որ պետք է հրապարակավ խնդրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեզ խղճալ՝ մե՛զ, և գնալ հայրենիքը պաշտպանել, մենք այդպիսի բաներ չենք անելու, որովհետև հայրենիքը միայն մերը չէ, հայրենիքը բոլորինն է: Բացի դրանից, այն հայտարարությունները, որ հնչում են Հայաստանի Հանրապետությունում, մի քանի րոպե հետո դառնում են ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ թուրքերի ու մնացած բոլորի սեփականությունը:
Որքան մենք յուրաքանչյուրս մեր տեղում կարողանանք արդյունավետ աշխատել, այնքան մեր երկիրն ունենալու է հաջող ընթացք: Մենք որևէ խնդիր չունենք ուսանողների ակտիվության մասով, մենք որևէ խնդիր չունենք ցանկացած առաջարկություններ լսելու, բայց կարծում եմ եկել է ժամանակը, որ մեզնից յուրաքանչյուրը սկզբից իր պարտականությունները կատարի, հետո սկսի ուրիշներին սովորեցնել, թե այդ ուրիշներն ինչպես պետք է կատարեն իրենց պարտականությունները: Առաջարկությունները, նորից եմ ասում, շատ նորմալ են, քննարկումները նորմալ են, առանց դրանց չի կարող մեր հասարակությունը զարգանալ, բայց երբ քննարկումների արդյունքում որոշումներ են կայացվում, մեզնից յուրաքանչյուրի գործը պետք է լինի գոնե իր մասով այդ որոշումներն իրականացնել:
Ցանկանում եմ, որ 2018 թվականին մեզնից յուրաքանչյուրն այդ գիտակցությամբ ապրի՝ ինձնից սկսած, մեր առաջին կուրսի ուսանողով վերջացրած: Ցանկանում եմ, որպեսզի ձեր ընտանիքներում լինի ջերմություն, որ բոլորդ հաշտ լինեք առաջին հերթին ինքներդ ձեզ հետ, հետո՝ մնացածների: Ցանկանում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի»,- ասել է Հանրապետության Նախագահը: