"Իսլամական պետություն" խմբավորումը ստեղծվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, որպեսզի խրախուսվի տարանջատվածությունը իսլամական աշխարհում և ոչնչացվեն մահմեդական երկրները: Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահապանների գնդի "Կուդս" հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Էսմայիլ Կաանին: Գեներալը նշել է, որ ԱՄՆ-ը անհաջող կերպով օգտագործել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը որպես մի քանի պատերազմ հրահրելու պատրվակ, քանի որ Ամերիկան պարտություն է կրել՝ կորցնելով երեք տրիլիոն դոլար ռազմական ծախսեր և 5000 սպանված զիվոր, փոխանցում է iran.ru կայքը: Կաանիի խոսքով, անպտուղ ջանքերից հետո, որոնք միայն վարկաբեկել են ԱՄՆ-ին, Վաշինգտոնը նոր էջ է բացել իսլամի դեմ պայքարում՝ վարձկաններ վարձելով մահմեդական երկրներից: Գեներալը նշել է, որ կախյալ վիճակում գտնվող պետությունների վարձկաններն ունեին թյուր կարծիք կրոնական ուսմունքների մասին: «Մեկ անգամ նրանք ստեղծել են Ան-Նուսրայի ճակատը, հետո "Իսլամական պետությունը" կամ Սիրիայի ազատ բանակը, անկախ նրանից թե ինչպես են նրանց անվանում, նրանք բոլորը՝ ԱՄՆ-ի և սիոնիստների զինվորներն են, որոնք կոչված են իսլամական պետությունների միջև տարաձայնություններ հրահրել», - նշել է նա: