Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրաձայնել է բլոգեր Լապշինի խնդիրը
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ լիագումար նիստում վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթը նվիրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի խնդրին: Հիշեցնենք, Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում կայացրեց արտահանձնել բլոգերին Ադրբեջանին:
Զոհրաբյանը եվրոպացի իր գործընկերներին հիշեցրել է, որ Լապշինը երկքաղաքացի է՝ ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն, նրան ձերբակալել են Մինսկում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով ու միայն այն բանի համար, որ Լապշինը 2011 և 2012թթ. այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ լրագրողական հետաքննություն անցկացնելու համար:
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր Վեհաժողովը վերջապես անդրադառնա այնպիսի ամոթալի և խայտառակ մի երևույթի, ինչպիսին Ադրբեջանի «սև ցուցակն» է, որտեղ այս պահին ներառված է 600 «persona non grata», որոնցից 180-ը լրագրողներ են, պրոֆեսիոնալներ, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց լրագրողական պարտականությունը կատարելու համար: Քանի՞ հազար մարդ պետք է ավելանա Ադրբեջանի «սև ցուցակում», որպեսզի մեր Վեհաժողովը վերջապես դրան անդրադառնա, քանի՞ լրագրող, զանգվածային լրատվության ներկայացուցիչ ԼՂՀ այցելելու համար Ադրբեջանի պահանջով պետք է հետախուզվի Ինտերպոլով, որպեսզի մենք հասկանանք, որ մեր լռությունն ուղղակի դատապարտելի է: Ժամանակն է, որ մեր կազմակերպությունը վերջապես զարթնի իր Լեթարգիական քնից և արձագանքի Ադրբեջանի այս խայտառակ քաղաքականությանը՝ ուղղված խոսքի, խղճի, մամուլի ազատության դեմ»,- հայտարարել է Հայաստանի պատվիրակը:
Նրա խոսքով՝ առնվազն տարակուսելի է, որ ի տարբերություն բազմաթիվ լրագրողական միջազգային կազմակերպությունների, Եվրոպայի խորհրդի՝ Լրագրողների Պաշտպանության Պլատֆորմը որևէ կերպ չարձագանքեց Լապշինի ձերբակալությանը և արտահանձման պահանջին: Մամուլի, խոսքի, խղճի ազատությունը բացարձակ արժեք է, ընդգծելմ է Զոհրաբյանը, և որևէ երկիր իրավունք չունի խոչընդոտելու և արգելելու լրագրողներին՝ կատարելու իրենց մասնագիտական պարտականությունը.
«Ես կոչ եմ անում մեր խորհրդարանին, ինչպես նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին անհապաղ արձագանքել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և թույլ չտալ, որ Լապշինին արտահանձնեն Ադրբեջանին»,- հավելել է նա իր ելույթը:
Նշենք, որ Բելառուսի կողմից կայացված որոշումից հետո ՀՀ Հանրային խորհուրդը նամակ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ կոչ անելով «ողջախոհություն դրսևորել ու հետ կանգնել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումից»։ Փաստաբան Արա Ղազարյանն էլ իր մտահոգությունն է արտահայտել առ այն, որ Ադրբեջանը գործողություններ է ծավալում Խոսքի ազատության դեմ: Ըստ նրա՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281 հոդվածը շատ նման է Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածին, որի վերաբերյալ արդեն տասնյակ դատական ակտեր կան: