ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ընդունել է Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը: Փաստաթղթում ասված է, որ կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Նոր կառավարությունը կձևավորվի 20-օրյա ժամկետում: Այս պահի դրությամբ հայտնի է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել: Հիշեցնենք, այսօր տեղի ունեցավ վեցերորդ գումարման Ազգային Ժողովի անդրանիկ նիստը, որը վարում է տարիքով ամենատարեց պատգամավորը՝ ՀՀԿ ցուցակով ընտրված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: ԱԺ առաջին նիստում կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները, որից հետո 10 օրվա ընթացքում ՀՀ նախագահը նշանակում է նոր վարչապետ: Վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում նշանակվում են կառավարության անդամները, եւս 20 օրվա ընթացքում հաստատվում է կառավարության ծրագիրը: Նշենք, որ նոր խորհրդարանն ունի 105 պատգամավոր, որտեղ գործելու է 4 խմբակցություն՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք եւ ՀՅԴ: