ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարազաբել է սկանդալային գրառումը Twitter-ի իր միկրոբլոգում, որում նա գուժել էր Սիրիայի տարածքին հասցվելիք հրթիռային հարվածի մասին: Նա նաեւ սպառնացել էր Ռուսաստանին՝ կոչ անելով պատրաստվել ամերիկյան հզոր ու «խելացի» հրթիռների հարվածներին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ի պատասխան Լիբանանում ՌԴ դեսպանի՝ ամերիկյան հրթիռները խոցելու պատրաստակամության մասին հայտարարության, ապրիլի 11-ին Ռուսաստանին կոչ էր արել պատրաստվել Սիրիայում ամերիկյան հրթիռահարվածին: ԱՄՆ-ն և Վաշինգտոնի դաշնակից մի քանի երկիր մեղադրում են Բաշար ալ-Ասադին մեղադրելով ապրիլի 7-ին Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման համար: Մոսկվան նախազգուշացրել է, որ եթե հարվածներից տուժեն ռուս զինծառայողներ՝ իրենք դա անպատասխան չեն թողնի:
Այժմ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին կից Արևելյան Ղուտայի շրջանի Դումա քաղաքն ամբողջությամբ անցել է կառավարական բանակի վերահսկողության ներքո: Այս մասին ապրիլի 12-ին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Յուրի Եվտուշենկոն: Ռուսական կողմը հերքում է այդ քաղաքում քիմիական գազի կիրառման մասին լուրերեր եւ ողջունել է այնտեղ միջազգային փորձագետներ ուղարկելու Քիմիական զնեքի արգելման կազմակերպության որոշումը:
Թրամփը հայտարարել է, թե չի ասել՝ երբ է Սիրիայի դեմ ուղղված հարձակումն իրագործվելու: «Դա կարող է շատ շուտով տեղի ունենալ և կարող է ոչ այնքան շուտ տեղի ունենալ», - ասել է նա ու հավելել, որ ԱՄՆ-ում իր իշխանության օրոք մեծ աշխատանք է կատարել տարածաշրջանն ահաբեկչական «Իսլամական պետություն»-ից ազատելու համար: «Իսկ որտե՞ղ է մեր «Շնորհակալ ենք, Ամերիկա»-ն»,- Twitter-ում գրել է 71-ամյա հանրապետականը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ աշխարհը շնորհակալություն չի հայտնում Ամերիկային` Սիրիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու համար: «Ուղղակի ոչ բոլորն են վերջացրել շնորհակալություն հայտնել Ամերիկային Իրաքի համար, երբ ԱՄՆ-ի միջամտության արդյունքը դարձավ ԻՊ-ի հայտնվելը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան:
Միեւնույն ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ արևմտյան պետությունների կողմից ցանկացած գործողություն տարածաշրջանում կմեծացնի անկայունությունը, գրում է Reuters-ը ՝ վկայակոչելով սիրիական պետական հեռուստաընկերությանը:
Սիրիայի նախագահն այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին և նրա պատվիրակությանը:
«Գրանցված ամեն հաղթանակի հետ որոշ արևմտյան պետությունների ձայները բարձրանում են և գործողություններն ակտիվանում՝ փորձելով փոխել իրադարձությունների ընթացքը… Այս ձայները և ցանկացած գործողություն կնպաստի տարածաշրջանում անկայունության մեծացմանը՝ սպառնալով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ Եվրոպայում թռիչքների անվտանգությունը վերահսկող միջպետական կազմակերպությունը (Eurocontrol) բոլոր ավիաընկերություններին զգուշացրել է թռիչքներ չիրականացնել Սիրիայի երկնքում՝ առաջիկա 72 ժամվա՝ 3 օրվա ընթացքում:
Այս ամենը ցույց է տալիս, որ մոտակա ժամերի կամ օրերի ընթացքում ԱՄՆ-ն և դաշնակից ուժերը իրապես պատրաստվում են հրթիռակործել Սիրիայի տարածքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Կիպրոսից Սիրիայի ջրային սահման հրթիռակիր նավ է ուղարկել: Ավելի ուշ տարածվել են տեղեկություններ, թե ամերիկյան զինուժը նաև ռազմական ինքնաթիռներ, այլ նավեր է կենտրոնացրել այդ հատվածում: