Չինաստանը 11 մլն դոլար է ներդնում ՀՀ-ում չինարենի ուսուցման խորացման համար. նախարար
Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր զեկուցել է նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նաեւ նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Մկրտչյանը զեկուցել է, որ 2017թ. մշակվել եւ կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ կրթության մինչեւ 2030թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի գլխավոր նպատակն է ապագային միտված կրթական համակարգի ձեւավորումը:
Անդրադառնալով գերազանցության կենտրոններին զուգահեռ իրականացվող նորարարական կրթական ծրագրերին, այդ թվում՝ Արարատյան բակալավրիատի ծրագրին՝ Լեւոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այն արդեն ստացել է միջազգային ճանաչում։ Նախարարի հավաստմամբ՝ Միացյալ Թագավորության ճանաչման ազգային գործակալության զեկույցը հաստատել է Արարատյան բակալավրիատը՝ որպես միջազգային լավագույն դպրոցական ծրագրերին համազոր ծրագիր, եւ այն ներառել Միացյալ Թագավորության բուհական ընդունելության միասնական համակարգում: Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ Նախագահի հանձնարարությամբ գերազանցության կենտրոնների համակարգը ներդրվում է նաեւ հանրապետության ավագ դպրոցներում. մարզերի եւ Արցախի ավելի քան 20 դպրոց ներառվել է Արարատյան բակալավրիատի դպրոցների թեկնածության փուլում, իրականացվել է հիշյալ ծրագրով ուսուցիչների վերապատրաստում: Միաժամանակ, մշակվել է նաեւ «Ուսուցիչ» ծրագրի մաս կազմող ատեստավորման բաղադրիչը, որի նպատակն է բացահայտել որակյալ ուսուցիչներին, բարելավել տարակարգերի շնորհման համակարգը եւ ապահովել նոր որակյալ կադրերի մուտքը դպրոց:
Կրթության ոլորտում պետական եւ մասնավոր հատվածների համագործակցության զարգացման նպատակով նախագահի մեկ այլ հանձնարարականի կատարման վերաբերյալ ԿԳ նախարարը զեկուցել է այս ուղղությամբ նոր ծրագրերի ներդրման մասին: Նա, մասնավորապես, նշել է, որ ընդլայնվել է «Թումո» կենտրոնի ցանցը՝ Երեւանից բացի, այն մասնաճյուղեր ունի նաեւ Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում եւ հնարավորություն է տալիս տարեկան 14 հազար երեխայի մշտական եւ անվճար հիմունքներով հմտություններ զարգացնել արվեստի եւ ՏՏ ուսումնական ծրագրերով: Մեկ այլ նախագծով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ ներդրվել է Ռոբոտաշինության զարգացման ծրագիրը. 2018 թվականի հունվարի դրությամբ գործում է 225 խմբակ, որոնցում ընդգրկված է շուրջ 5.000 երեխա:
«Ավանգարդ Քլաբ» կազմակերպության հետ համագործակցությամբ սկսվել է Թվային պլանետարիումի գործարկումը, որի շրջանակներում նախատեսվում է տարեկան սպասարկել մարզային դպրոցների 7-ից 11-րդ դասարանների մինչեւ 120.000 աշակերտի՝ նպատակ ունենալով աշակերտների շրջանում խրախուսել բնագիտական առարկաների ուսուցումը, նպաստել նաեւ աստղագիտության ավանդական դպրոցի պահպանմանն ու զարգացմանը: Ըստ նախարարի՝ դպրոցներում ներդրվել են ֆինանսական եւ ձեռնարկատիրական կրթության փորձնական ծրագրեր, որոնցով վերապատրաստվել է 1260 դպրոցի ավելի քան 1400 ուսուցիչ, փորձնական ծրագրերում ընդգրկված է շուրջ 65 000 աշակերտ:
Նախարար Լեւոն Մկրտչյանը ներկայացրել է նաեւ կրթության որակի բարելավման նպատակով օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նախարարի զեկուցմամբ՝ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում գտնվող՝ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսվում է չինական կողմից կատարված 83,4 մլն յուան (շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար) ներդրումների շնորհիվ դպրոցը շահագործման հանձնել սահմանված ժամկետում՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին:
Հաշվետու տարում, ըստ նախարարի, մշակվել է հանրակրթական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հետ համատեղ իրականացվում են ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր:
Հանրապետության 6 համայնքում Միացյալ Թագավորության կառավարության հովանավորությամբ ստեղծվել են անգլերենի ուսուցման ակումբներ, որոնցում ընդգրկված է շուրջ 400 սովորող, վերապատրաստվել է շուրջ 200 ուսուցիչ: Հանրապետության 10 դպրոցում իրականացվում է ֆրանսերենով խորացված ուսուցում: Կրթության միջազգայնացման շրջանակում ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ Գերմանիայի կրթության եւ մշակույթի դաշնային խորհրդի որոշմամբ 2018թ.-ից միջնակարգ կրթության ատեստատը հիմք կհանդիսանա Գերմանիայի բուհերում կրթությունը շարունակելու համար:
ԿԳ նախարարը զեկուցել է նաեւ սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը՝ նշելով, որ 2017թ. սահմանամերձ եւ սոցիալական աջակցություն ստացող 39 համայնքի 49 դպրոցի 1-12-րդ դասարանի բոլոր աշակերտներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվել են անվճար դասագրքեր: Սահմանամերձ համայնքների 1046 ուսանողի պետության կողմից տրամադրվել է 30-60 տոկոս ուսման վարձի փոխհատուցում, որը կազմել է շուրջ 154 մլն դրամ: Սոցիալապես անապահով ընտանիքների 2667 ուսանողի պետության կողմից տրամադրվել է 50-100 տոկոս ուսման վարձի փոխհատուցում, որը կազմել է շուրջ 655 մլն դրամ:
«Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրի ընդլայնման արդյունքում 2017թ. ազգային ծրագրին միացել է Տավուշի մարզը, 2018թ. ծրագիրը կներդրվի նաեւ Շիրակի մարզում: Ներկայումս հանրապետության մարզերի տարրական դասարանների շուրջ 90.000 աշակերտ անվճար սնունդ է ստանում պետական բյուջեի եւ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով:
Ընդգծելով, որ հանրակրթության զարգացման գերակա ուղղություններից է անցումը համընդհանուր ներառականության, որի նպատակն է հանրակրթական դպրոցներում ստեղծել որակյալ կրթության հնարավորություններ բոլոր երեխաների համար, նախարար Լեւոն Մկրտչյանը զեկուցել է, որ համընդհանուր ներառական կրթության են անցել Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերը, այս տարի ծրագիրը կներդրվի Արմավիրի մարզում:
Լեւոն Մկրտչյանը զեկուցել է նաեւ դեպի աշխատաշուկա անցնելու հիմնախնդրի լուծման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականի շրջանակում կատարված աշխատանքների մասին, նշելով, որ մարզերի շուրջ 25 նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդրվել է մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող, աշխատաշուկայում պահանջարկ եւ կարեւորություն ունեցող ոլորտների գծով շուրջ 40 մասնագիտություն: Բացի այդ, կրթական համակարգ է ներմուծվել Գերմանիայի երկակի ուսուցման կրթության փորձը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ:
Նախարարը տեղեկացրել է, որ Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ ձեւավորված բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների մասնագիտական խումբն ավարտել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: Օրինագիծն այժմ գտնվում է Ազգային ժողովում:
2018 թվականին իրականացվելիք ծրագրերի շարքում ԿԳ նախարարը նշել է բուհերի պետական ֆինանսավորման մեխանիզմների եւ ուսանողական կրթաթոշակների ու նպաստների տրամադրման սկզբունքների վերանայման, բնագիտական եւ ինժեներական ոլորտում բուհ-գիտահետազոտական ինստիտուտ-գործատու գիտակրթական կլաստերների եւ ցանցային համալսարանների ձեւավորման, բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգի ներդրման, բուհերի դասակարգման, հաշվետվողականության բարձրացման եւ մի շարք այլ ուղղություններով նախատեսվող աշխատանքները: