ԱԺ ընդդիմությունը կանգնեց փաստի առաջ. վեթթինգի մասին նախագիծը մի քանի ամիս է մշակվում է
Վեթթինգ իրականացնելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է, այն շուտով կներկայացվի հանրային քննարկման: Այս մասին Ազգային ժողովի նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ բացահայտելով, որ նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է դեռ ամիսներ առաջ, իսկ այս պահին այն գտնվում է մշակման վերջնականացման փուլում:
Այնուհետ նա դիմեց «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» խմբակցություններին, որպեսզի վերջիններս մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով ներկայացնեն առաջարկություններ ու մտահոգություններ:
Հայտարարությունը, սակայն, անակնկալ էր Մակունցի ընդդիմադիր գործընկերների համար: Մասնավորապես, ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր դժգոհությունն արտահայտեց այն հանգամանքի վերաբերյալ, որ նախագիծը, փաստորեն, մի քանի ամիս է մշակվում է, սակայն իրենք այդ մասին նոր են տեղեկանում և դա շատ վատ նախադեպ է: Ապաև հավելեց.
«Ես գիտեմ, որ ամիսներ առաջ վեթթինգի մասին խոսակցություն չի եղել, խոսվել է միայն անցումային արդարադատության մասին: Հիմա պետք է խումբ ստեղծել ու այդ խմբում աշխատել, ոչ թե սշխատել մի բանի վրա ու հետո մեզանից առաջարկություններ սպասել: Ինչի՞ շուրջ առաջարկություն տանք, ի՞նչ իմանանք՝ ի՞նչ եք գրել, որ առաջարկություն տանք»,- հայտարարեց նա: