VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունենալիք ԵԱՏՄ Վեհաժողովի՝ հոբելյանական, հնգամյակի առիթով Վեհաժողովի այսպես ասած կուլիսային ինտրիգներից մեկն այն է, թե տեղի կունենա՞ Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում: Այդ ինտրիգը հասունացրել են հայաստանյան ներքաղաքական զարգացումները, որոնք բավականին լայն «սփռում» ունեն՝ Հայաստան, Արցախ, Արցախում ռուսական էմիսարներ Կոլերովի եւ Տարասովի հայտնի հայտարարություն ռուսական մանդատի մասին, Ռոբերտ Քոչարյանի դատական գործ եւ խափանման միջոցի փոփոխություն, նաեւ Միհրան Պողոսյանի հարց ու թերեւս կարեւորներից մեկը՝ ապրիլյան պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողով:
Իհարկե, առաջին հայացքից այստեղ հարցը վերաբերում է Հայաստանի ներքին խնդիրներին՝ կապված պատերազմի հանգամանքների հետ, սակայն հաշվի առնելով այն, թե ինչպիսի ներքին եւ արտաքին քաղաքական միջավայրում է մի քանի տարի շարունակ հասունացել ագրեսիան, եւ թե ինչպիսի նշանակալի, առանցքային դեր է ունեցել դրանում ռուսական գործոնը, կարելի է պատկերացնել, թե քննիչ հանձնաժողովի միջոցով ապրիլյան պատերազմ ուսումնասիրելու քայլն ինչ արձագանք կամ սպասում կարող է առաջացնել Ռուսաստանում:
Այս տեսանկյունից, Փաշինյան-Պուտին հանդիպումը դառնում է ինտրիգային, կամ ավելի շուտ՝ ստանում ինտրիգի լրացուցիչ դոզա, քանի որ այդ հանդիպումները թավշյա հեղափոխությունից հետո երբեք չեն զգացել ինտրիգի պակաս: Իսկ այստեղ բուն խնդիրն այն է, որ, չնայած առերեւույթ կոշտ հակադրությունների բացակայությանը, չնայած Փաշինյանի հասկանալի դիվանագիտական հավաստիացումներին, որ Պուտինի հետ ամեն ինչ կարգին է, հայ-ռուսական հարաբերությունն ունի օրգանական վերանայման կարիք, քանի որ ակնհայտ է՝ հայկական թավշյա հեղափոխությունը Ռուսաստանում է դիտվում սպառնալիք, ընդ որում՝ եվրասիական մասշտաբով, իսկ հայկական թավշյա հեղափոխության համար էլ Ռուսաստանն ու եվրասիական ակումբն են դիտվում սպառնալիք:
Ընդ որում՝ իրավիճակի նուրբ առանձնահատկությունն այն է, որ այդ օրգանական դիմակայության պահպանման պարագայում չի լինելու հաղթող կամ պարտվող, պարտվելու են թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը: Իսկ այդ պարտությունում շահագրգռված թե՛ ռեգիոնալ-եվրասիական, թե՛ ներռուսական, թե ներհայկական շրջանակներ բավականին մեծաթիվ են եւ ակտիվ, քանի որ Հայաստան եւ Ռուսաստան պետությունների այդ պարտությունը նրանց համար արժենալու է միլիարդների հոսք դեպի անձնական կամ խմբային գրպաններ: Հայաստանում թավշյա հեղափոխությունը մի քար է, որ առաջացել է այդ «մոնետիզացիայի» ճանապարհին, եւ որը աշխուժորեն փորձում են չեզոքացնել այդ խմբերը: Կօգնի՞, թե՞ կխանգարի նրանց Պուտինը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ վերջերս լարվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները․ Ավինյանը կտրականապես դեմ է Թորոսյանի կողմից շրջանառվող հակածխախոտային օրենքի նախագծին եւ ուզում է շրջանառությունից հանել՝ ուղարկելով լրամշակման: Թորոսյանը նախարարությունում ասել է, որ Ավինյանը հակապետական արարք է թույլ տալիս՝ սպասարկելով ծխախոտ արտադրողների եւ «նարգիլե բարերի» սեփականատերերի շահը: Նաեւ նշել է, որ ինքը վարչապետի մակարդակով կբարձրացնի հարցը եւ կհաղթի Ավինյանին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը, ասուլիսից անմիջապես հետո, Աննա Հակոբյանն այցելել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց` ծանր հիվանդությամբ` աուտոիմունայով տառապող նախազորակոչային տարիքի Լեւոն Դավթյանին տեսության: Այցի ընթացքում պարզվել է, որ բուժման համար 5 կուրս բավականին թանկ դեղորայք` «Օտագամ» է անհրաժեշտ, որի մի մասը հոգացել են հարազատները, իսկ հիմա փող չկա դեղորայքի նոր խմբաքանակ գնելու համար։ «Աննա Հակոբյանը հանձնարարեց հիվանդանոցի ղեկավարությանը` ձեր կողմից առեք դեղորայքը, մենք կհայթայթենք միջոցները»: Հիվանդանոցը շատ արագ ձեռք է բերել դեղորայքը: Ինչպե՞ս այդքան արագ ձեռք բերեցիք՝ հետաքրքրվեցինք հիվանդանոցից։ «Նորմալ ընթացակարգով, կարեւորը` հիվանդը լավանա»,- ասաց մեր աղբյուրը: Տեղեկացանք, որ օրվա երկրորդ կեսին գումարն արդեն փոխանցվել էր հիմնադրամի կողմից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վերջին շաբաթներին Արցախում գտնվելը պայմանավորված է եղել արցախցի նախկին եւ ներկա պաշտոնյաներին մի շարք չկշռադատված քայլերից հետ պահելու հանգամանքով: Սերժ Սարգսյանը այս պահին բուֆերի դեր է կատարում Հայաստանի իշխանությունների դեմ ծրագրվող անմիտ գործողությունների դիմաց՝ դրանով կանխելով Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ հակամարտության հնարավոր սրացումը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սարդարապատի եւ Բաշ Ապարանի հերոսամարտի 101-ամյակի տոնակատարությանը Ապարանում մասնակցում էր նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը: Երբ մոտեցանք հարցազրույց խնդրելու, նա ասաց, որ տեսախցիկի առաջ չի ուզում խոսել. «Հազիվ պրծել եմ էդ ամեն ինչից, խոսելուց, ձեզանից»,- ժպիտով ասաց Սարգսյանը: Մեր հարցին, թե հիմա ինչով է զբաղվում, կրկին ժպիտով պատասխանեց. «Այ հիմա բիզնեսով, իմ համար հանգիստ բիզնեսով եմ զբաղվում»: ՀՀԿ-ական նախկին պատգամավորը ասաց, որ հիմա բիզնեսում դժվարությունների չի հանդիպում: Ասում են՝ լավացրել եք հարաբերությունները նոր իշխանությունների հետ՝ դիտարկմանը պատասխանեց. «Ես միշտ էլ լավ եմ եղել նոր իշխանությունների հետ», ու ողջագուրվեց Աղվան Հովսեփյանի եւ Սամվել Ալեքսանյանի հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մեկ ամիս առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնեց ընդդիմությանը լծակներ տալու մասին, հիշեցրեց Փաշինյանի ընդդիմադիր ժամանակվա քննադատությունները, երբ ասում էր, որ ընդդիմությունը չունի իշխանությանը վերահսկելու լծակներ, Փաշինյանն էլ, ընդունելով դիտողությունը, առաջարկեց խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցությունների մեկական թեկնածու ներկայացնել Տնտեսական մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների կազմում, սակայն տեղեկացանք, որ ԲՀԿ-ն հրաժարվել է ՏՄՊՊՀ անդամի թեկնածու ներկայացնել։ Պատճառները երեկ չկարողացանք ճշտել․ պատգամավորները տոնական եռուզեռի մեջ էին։ Փոխարենը «Լուսավոր Հայաստանը» 2 թեկնածու է առաջադրել՝ Արեն Դանիելյանին եւ Հայկ Կարապետյանին։ Ուշագրավ է, որ վերջինս ՀՀ վարչապետի աշխատակազմից է՝ հակակոռուպցիոն ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար։ «Այո, նա երկար տարիներ քաղծառայող է եղել, բայց ես Հայկին ճանաչում եմ ՀԿ սեկտորից, մտերիմ ենք, ուժեղ իրավաբան է, մրցակցային իրավունքի ուժեղ մասնագետ»,- մեզ ասաց Էդմոն Մարուքյանը։ Երեկոյան տեղեկացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայկ Կարապետյանի թեկնածությունը՝ ՏՄՊՊՀ անդամության համար»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի ընտրության ակտիվ քարոզարշավ է իրականացվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի եւ կանոնադրության մշակումը, այն ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հաստատվել վերջինիս կողմից: Ինչպես հայտնի է՝ հունվարից երկու աշխատանքային խումբ էր ձեւավորվել, որոնցից մեկում քննարկվել է կուսակցության կանոնադրությունը, մյուսում՝ նոր ծրագիրը: Դրանցից մեկը համակարգում էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, մյուսը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Մեր տեղեկություններով՝ համագումարի ժամանակ պատրաստվում են երկու փուլով ներկայացնել այս ամիսների աշխատանքը եւ ընդունել դրանք»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջին հանրապետության 101-ամյակի կապակցությամբ երեկ ավանդաբար միջոցառումներ էին կազմակերպված տարբեր վայրերում, որոնցից ավելի մեծամասշտաբ էին Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում կազմակերպված միջոցառումները: Սարդարապատի միջոցառումներին ներկա էր իշխանական վերնախավը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Իսկ ահա Ապարանում կազմակերպված միջոցառումն ավելի փոքրաթիվ էր: Սակայն թերեւս առաջին անգամ Արցախը պաշտոնապես չմասնակցեց Հայաստանում տեղի ունեցած տոնական միջոցառումներին, իսկ դա իսկապես խորհելու տեղիք է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Արցախի նախագահ խորհրդական Դավիթ Բաբայանին, վերջինս սակայն խուսափեց հստակ պատասխանել` հրավեր եղել է, թե ոչ` միայն ընդգծելով, թե նախագահ Բակո Սահակյանի զբաղվածության պատճառով, ընտրվել է այս ձեւաչափը: «Դուք գիտեք, որ Արցախում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները եւ նախագահը նրանց հետ հանդիպումներ է ունեցել: Միայն դա է պատճառը, հետին միտք փնտրել պետք չէ: Այս անգամ ընտրվեց այդ ձեւաչափը», – նշեց Բաբայանը: Եվ չնայած Դավիթ Բաբայանը նախագահի բացակայությունը պարզաբանում է վերջինիս զբաղվածությամբ, սակայն ընդգծենք, որ առհասարակ Արցախից որեւէ պաշտոնյա երեկ չի մասնակցել միջոցառումներին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանում հունիսի 9-ին սպասվում են քաղաքապետի ընտրություններ։ Աբովյանցիները զարմացած են, որ Արթուր Հարությունյանը՝ հայտնի Պալաչը, չառաջադրեց թեկնածությունը։ Նա բնակվում է Բելգիայում, սակայն նրա շրջապատում կասկած չունեին, որ առաջադրվելու էր՝ դառնալով իշխանության թեկնածուն։ ԲՀԿ առաջնորդի հետ հակամարտությունից հետո նա Հայաստան չէր գալիս, Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիա կատարած այցից մի քանի օր հետո եկավ, ասուլիս տվեց ու կրկին քննադատեց Ծառուկյանին։ Նրա շրջապատում համոզված էին, որ Հարությունյանին Փաշինյանն է Հայաստան բերել, որ դառնա Ծառուկյանի հովանավորյալ, գործող քաղաքապետի այլընտրանքը՝ իշխանության թեկնածուն։ Սակայն Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն առաջ մղեց իր մտերիմ Գրիգոր Գուլյանին։ Եվ Պալաչը մերձավորներին ասել է, որ իշխանության թեկնածուին չի խանգարի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսված է նաեւ ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմի ստեղծում: Եվ մինչ հունիսի 13-ը պետք է հայտնի լինի այդ պլատֆորմի վերջնական կազմը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներքին խմորումներ են առկա եւ քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են առաջարկված ձեւաչափից: Բանն այն է, որ ըստ ԵՄ կողմից ներկայացված կառուցվածքի, պլատֆորմի անդամները պետք է 9-ական լինեն` 3-ը քաղհասարակության ներկայացուցիչներ, 3-ը` արհմիություններից եւ 3-ը` գործատուների կազմակերպություններից: Եվ հենց այս հարցում է տարակարծությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չհերքեց, որ առաջարկված նման համամասնության շուրջ իսկապես քաղհասարակության ներկայացուցիչները վերապահումներ ունեն»: