Արցախում երկու տասնյակից ավելի քաղաքական և հասարակական ուժեր հանդես են եկել «Միացում» միավորումը ստեղծելու մասին հայտարարությամբ:
«Միավորումը համախմբում է Արցախի և Հայաստանի Հանրապետության միացման գործընթացն ամբողջացնելու և Միացյալ Հայաստանի կայացումը շարունակելու նպատակ ունեցող քաղաքական եւ հասարակական ուժերին։ Միավորման առաջնահերթ նպատակն է ապահովել այն հասարակական եւ քաղաքական ուժերի իշխանության գալը, որոնք ընդունակ են խորը բարեփոխումներ իրականացնել եւ կազմաքանդել օլիգարխիկ կոռումպացված համակարգը։Միավորումը հիշյալ նպատակին մտադիր է հասնել թափանցիկ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կամ ուղիղ ժողովրդավարության մեթոդներով»,-նշված է հայտարարության մեջ։
«Միացում»-ը պետք է դառնա Արցախում՝ Երևանից ուղղորդվող իշխանափոխության համար քաղաքական հենք: Այն պետք է դառնա որոշակի հակակշիռ Արցախի այսօրվա իշխանություններին ու հին էլիտաներին, որոնք սերտորեն փոխկապակցված են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ:
Այդ նոր հասարակական-քաղաքական ակտորը ցանկանում է նպաստել ՀՀ-Արցախ միավորմանը, այսինքն այդ ուժն ապակայունացնելու է Արցախը, քանի որ բանակցությունների այս բարդ փուլում նախաձեռնել Արցախի միացումը ՀՀ-ին նշանակում է դրդել Բաքվին խզել բանակցությունները՝ դեստրուկտիվ կողմ բանակցություններում ներկայացնելով Երևանին ու շանս տալ ադրբեջանական զինուժին անցնել ռազմական գործողությունների:
Իշխանափոխությունն Արցախում ամեն գնով վտանգում է Արցախի ազգային անվտանգությունն ու արցախցիների ֆիզիկական գոյությունը: Ցանկացած գործընթաց Արցախում պետք է իրականանա օրենքի շրջանակներում և ընտրական գործընթացներով, այլ ոչ թե փողոցով՝ Արցախում թավշյա հեղափոխությունն իր հերթին բերելու է Ադրբեջանից ռազմական հարված սահմանների ողջ երկայնքով: Արցախը հեղափոխությունների ու գունավոր սցենարների համար ամենաաննպաստ տարածքն է, հանրապետության ապակայունացումը պետք է անընդունելի լինի որպես ներքաղաքական պայքարի գործիք:
Նոր միավորումը խոսում է Արցախում «օլիգարխիկ կոռումպացված համակարգը» կազմաքանդելու մասին, ինչը նույնպես շատ վտանգավոր է: Արցախն ամբողջ աշխարհին ներկայանում է որպես ժողովրդավարության ճանապարհով իր ապագան կառուցող սուբյեկտ՝ ի հակադրություն ավտորիտար Ադրբեջանի: Անընդունելի է Արցախի էլիտաներին ու համակարգն անվանել քրեաօլիգարխիկ, ինչը խաղաքարտ է տալիս Բաքվին, որն առանց այդ էլ ամեն առիթով Արցախի իշխանություններին անվանում է բանդա կամ ռազմական խունտա:
Միավորումը ցանկանում է մասնակցել Արցախի 2020թ.-ի ընտրական բոլոր գործընթացներին՝ նախագահական և խորհրդարանական, սակայն նշում է, որ կարող է դիմել նաև ուղիղ ժողովրդավարության մեթոդներին. դա Երևանում տեղի ունեցած հեղափոխության կրկնության փորձն է լինելու Ստեփանակերտում: Արցախում ճանապարհներ փակելն ու կոլապսի ենթարկելը պետական ապարատը հանգեցնելու է Բաքվի լայնածավալ հարձակմանը՝ դա փաստ է:
Միավորումը պետք է մասնակցի միայն էլեկտորալ գործընթացներին և զերծ մնա հեղափոխական և մայդանի սցենարներից, ինչը կործանարար է Արցախի համար:
Նոր շարժումն իր մեջ միավորում է Արցախում մեծ ճանաչում չունեցող ուժերին՝ բացառությամբ մի քանի ռազմական գործիչների, որոնք միշտ հանդես են եկել Բակո Սահակյանի և Արցախի իշխող էլիտայի քննադատությամբ:
Նրանց շարքերում են Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանը, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: Ուշագրավ է, որ նոր միավորման մեջ է մտնում նաև «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը, ինչն արդեն խոսում է այն մասին, որ նրանք կցանկանան ապակայունացնել Արցախն ու ամեն գնով հասնել իշխանափոխության, քանի որ Երևանից այդ կուսակցությունը միշտ էլ ռադիկալ կոչերով է դիմել և կոշտ քննադատության է ենթարկել Արցախի իշխանություններին՝ նախագահին անվանել մարզպետ, իսկ Արցախը՝ մարզ, որը պետք է միանա ՀՀ-ին:
Միավորման մեջ մյուս անդամները ՀԿ-ներ են կամ անհատներ: