14.05.2025
20 տարի առաջ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Le Figaro-ի անդրադարձը
30.05.2018
20 տարի առաջ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Le Figaro-ի անդրադարձը

Ֆրանսիական Le Figaro պարբերականը հոդված է հրապարակել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով գործընթացի մեկնարկի 20-ամյակի թեմայով: Հոդվածում անդրադարձ է արվում Օսմանյան կայսրությունում հայերի պատմությանը, տարբեր ժամանակահատվածներում նրանց բնաջնջմանն ու բռնի տեղահանություններին: «Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը սկսվել է 1915թ. ապրիլի 24-ին՝ Կոստանդնուպոլսում, երբ հայ մտավորականության հարյուրավոր ներկայացուցիչներ ձերբակալվեցին, այնուհետ մահապատժի ենթարկվեցին: Այդ օրվանից սկսած՝ կայսրությունում իրականացվում էր հայերի տեղահանման ու բնաջնջման նախապես ծրագրված քաղաքականություն»,-ասվում է նյութում: Աղբյուրը նկատում է, որ Հայոց ցեղասպանության ծրագրված բնույթն ապացուցում է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի՝ 1915թ. սեպտեմբերին թվագրված հեռագիրը. «Կառավարությունը որոշում է կայացրել վերացնել Թուրքիայի բոլոր հայերին: Պետք չէ ուշադրություն դարձնել նրանց սեռին կամ տարիքին: Խղճի խայթ չպետք է լինի»: Հայտնի է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջին անգամ բարձրացվել է 1980-ական թվականներին՝ Հայ եկեղեցու ու Ֆրանսիայի երիտասարդ ակտիվիստների կողմից: 1998թ. Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին: Փաստաթուղթը վերջնականապես ընդունվել է 2001թ.: