Եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, որ փոխանցվում են ու դրանք ծառայեցվում են պետությանը եւ պետության քաղաքացիներին։ Այս մասին ասուիսում հայտարարեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամիների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ մեկնաբանելով հարցը, թե արդյոք հիմնադրամի համար նշանակություն չունի, թե ինչ ծագում ունենա փոխանցվող գումարները, անգամ եթե դրանք պետբյուջեից գողացված են։
Աննա Հակոբյանը նշեց, որ անձամբ իր համար գումարի ծագումը կապ չունի, քանի որ ինքը մտածում է՝ կապ չունի՝ ինչ ձեւով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, միեւնույն է մենք այն ծառայեցնելու ենք ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին։ «Այդ գումարը, եթե որեւէ ձեւով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»,– պարզաբանեց իր միտքը կոռուպցիայի դեմ պայքար մղող վարչապետի տիկինը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում իր ղեկավարած հիմնադրամներին օլիգարխներ Արտակ Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի կողմից նվիրատվություններին, Աննա Հակոբյանն ասաց. «Պետք է ի վերջո հրաժարվենք համեմատականից, նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և ներկա հարաբերությունների վրա պրոյեկտելու սովորությունից: Դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, դա կատարյալ անիմաստ ժամանակի կորուստ է»:
Ապա շարունակեց. «Բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություն անել: Նախկինում հիմնադրամի նվիրատվություն անելը եղել է մոնոպոլիա, ոչ բոլորն են իրավունք ու հնավարություն ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին անել նվիրատվություն: Երբեմն մեր հանդիպումների ժամանակ մարդիկ միջնորդներով են ճշտում՝ կարո՞ղ են նվիրատվություն անել, թե՝ ոչ: Մենք հենց սկզբից ասել ենք, որ չունենք նման բարդույթ, բոլորը կարող են նվիրատվություն անել, բոլորին շնորհակալ ենք: Մենք բոլորին ներկայացնում ենք մեր արած, անելիք աշխատանքը, ծրագրերը: Շնորհակալ ենք և թոշակառուի նվիրատվության համար, և նշված մարդկանց»,- հավելեց: