10.04.2026
Ո՞վ կփոխարինի Արտակ Շաբոյանին. Փաշինյանը նոր թեկնածություն է առաջադրել
16.04.2019
Ո՞վ կփոխարինի Արտակ Շաբոյանին. Փաշինյանը նոր թեկնածություն է առաջադրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը: Գեղամ Գևորգյանը 2019 թ-ի հունվարի 22-ին Փաշինյանի հրամանով նշանակվել էր գյուղնախարարի առաջին տեղակալ ու նախարարի պաշտոնակատար: ՏՄՊՊՀ նախագահի ընտրության հարցը ԱԺ մեծ օրակարգում ներառվել էր, բայց քննարկման օրը դեռ որոշված չէր: Քիչ առաջ ԱԺ խորհուրդը՝ Արարատ Միրզոյանի նախագահությամբ, արտահերթ նիստ գումարեց ու որոշեց լրացումներ կատարել ապրիլի 16-ի հերթական նիստերի օրակարգում և դրանում ընդգրկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը: Հիշեցնենք, ՀՀ նոր Սահմանադրությամբ ՏՄՊՊ և ՀԾԿ հանձնաժողովների նախագահներին պետք է վարչապետի առաջարկով ընտրի խորհրդարանը: ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը ևս ներառված է ԱԺ լիագումար նիստի օրակարգում, բայց կքննարկվի ոչ ապրիլի 16-ին: Շաբոյանը ՏՄՊՊՀ նախագահն է 2010 թվականից։