Էրդողանի՝ Ս-400-երի արկածախնդրությունը, կարծես, անպատիժ է մնում. Financial Times
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արկածախնդրությունը, կարծես, անպատիժ է մնում՝ գրում է Financial Times-ը՝ նկատի ունենալով ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժիչ միջոցների բացակայությունը:
Այն բանից հետո, երբ Թուրքիան հուլիսին սկսել է ստանալ այդ համակարգերը, վերլուծաբաններն ասում էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված կլինի պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքին համապատասխան, որով ԱՄՆ դաշնակիցներին արգելվում է Ռուսաստանից զենք գնել:
«Ամերիկյան սպառնալիքները հիմնականում դատարկ խոսքեր են: Թուրքիան եւս մեկ անգամ խաղադրույք կատարեց իր ռազմավարական նշանակության վրա, եւ, կարծես, հաղթեց»,- կարծիք է հայտնել Ստամբուլի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սոլի Օզելը:
FT-ը նշում է, որ երկու կուսակցությունները ձգտում են օրինագիծ մշակել, որը նախագահին կստիպի պատժել Թուրքիային, երբ Կոնգրեսը սեպտեմբերի սկզբին վերադառնա արձակուրդից: Եթե Կոնգրեսի մեծամասնությունը նման նախագիծ ընդունի, ապա Թրամփը չի կարողանա դրա վրա վետո դնել: