Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի և երթի մասնակիցների բերման ենթարկելու մասին։ Հիշեցնենք, ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ ժամը 12.00-ի դրությամբ 66 քաղաքացի է բերման ենթարկվել: Նշենք, որ կան տեղեկություններն այն մասին, որ բերման ենթարկվածների շրջանում շատ են անչափահասները: Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ նրա հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին այցելել են Ոստիկանության Նոր Նորքի, Էրեբունու, Կենտրոնականի, Մաշտոցի և Շենգավիթի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին։ Բացի այդ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները գիշերվա ընթացքում ոստիկանության Կենտրոնականի բաժնում են գտնվել Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկներում երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Նշվում է, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում: