Կառավարությունն ավելացնում է «դայակների ծրագրի» ֆինանսավորումը 77 մլն դրամով
Կառավարությունն ավելացնում է «դայակների ծրագրի» ֆինանսավորումը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Ներկայացված նախագծով Բաթոյանն առաջարկեց մինչև 3 տարեկան երեխաների խնամքում գտնվող ծնողներին աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքի համար դայակին գումար հատկացնելու նպատակով լրացուցիչ 77 334 000 դրամ հատկացնել։
«Ցանկացողներն ավելի շատ են, դիմումները մեծ թիվ են կազմում։ Նախորդ տարի 200 է նախատեսված եղել, բայց, քանի որ այս տարվա ընթացքում շահառուների թիվը 475 է դարձել, մենք առաջնահերթությունների կարգով որոշեցինք ավելացնել շահառուների թիվը»,– ասաց Զարուհի Բաթոյանը` պարզաբանելով, որ ծրագրի գործողության ժամկետը յուրաքանչյուր շահառուի համար 2 տարի է, հետևաբար, այս տարի ծրագրում ընդգրկելով հարկ է հաշվի առնել, որ հաջորդ տարվա բյուջեում այդ գումարը ևս պիտի հատկացվի, գրում է Սպուտնիկը։
Կառավարության նիստը վարող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ծրագրի ընդլայնման անհրաժեշտությունը` նշելով, որ ծրագիրը նպատակին ծառայել է և պետք է շարունակվի` հետագայում ընդլայնվելու հեռանկարով։
Հիշեցնենք` 2018թ–ին կառավարության ընդունած որոշմամբ, եթե մինչև 2 տարեկան երեխաների համար աշխատող ծնողները դայակ են վարձում, պետությունը փոխհատուցում է դայակին վճարվող ամսական վճարի 55 000 դրամը։ Սա ոչ միայն լրացուցիչ աջակցություն է աշխատող ծնողներին, այլև լուծում է դայակների` աշխատանքով ապահովված լինելու հարցը։
Նման աջակցությունից առաջնահերթ օգտվելու իրավունք ունեն մինչև 2 տարեկան երկու և ավելի երեխա, ինչպես նաև` հաշմանդամ երեխա ունեցող ծնողները։