25.11.2024
Կառավարությունն ավելացնում է «դայակների ծրագրի» ֆինանսավորումը 77 մլն դրամով
prev Նախորդ նորություն

Գործադիրը կսուբսիդավորի զինծառայողներին տրամադրվող հիփոթեքի տոկոսադրույքն ու կանխավճարը

Կառավարությունն այսօր հաստատեց Սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու պետական աջակցության նպատակային ծրագիրը։


Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ եւ պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող ՊՆ 500 զինծառայող:


Ծրագրի գործողությունը չի տարածվում մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավում ստացած զինծառայողների վրա: Ծրագրի գործողությունը չի տարածվում մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը զինծառայողի կողմից կնքված հիփոթեքային վարկավորման պայմանագրի վրա:


Ծրագրի շրջանակում զինծառայողին (համավարկառուին) բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ տրամադրվում է մեկ անգամ: Ամուսիններ հանդիսացող զինծառայողներին ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ տրամադրվում է միայն ամուսիններից մեկին:


Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը, ընդ որում՝ բնակելի տան արժեքը սահմանվում է որպես գնահատված եւ ձեռքբերման արժեքներից նվազագույնը: Սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում պետության կողմից աջակցությունը ցուցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում, ընդ որում`բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է` զինծառայողի անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրեն տեղեկություններ են հասնում, թե երբեմն 30 տարվա չօգտագործված շենք է վերցվում, վերակառուցվում որպես բնակելի տուն:


«Ես մեկ-երկու նամակ ստացա ներդրողների կողմից, որ լավ կլինի քննարկել, որ էս կարգի շինությունները՝ հինգհարկանի շենք է, ոչ արտադրական տարածք է, հյուրանոց է եղել կամ չգիտեմ ինչ, 30 տարի խարխլվել է, հիմա վերցնում, բնակելի տուն են կառուցում:Կարգավորումներով՝ ոնց որ այս կարգի շենքերը չեն մտնում առաջնային շուկա ձեւակերպման մեջ: Հանձնարարական տանք, այս հարցը նայեն․ մենք հնարավորություն ունենք: Սա նաեւ մարզերի բնակարանաշինության զարգացումը կխթանի»,- ասաց վարչապետը: