Գործադիրը 3 ընկերությունների արտոնություն տրամադրեց. կիրականացվի 11.3 մլրդ դրամի ներդրում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում 3 ընկերությունների արտոնություններ տալու որոշում կայացվեց: Մասնավորապես, գործադիրը բավարարեց «ԱՖԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է արգելակման կոճղակների արտադրություն կազմակերպել Երեւանում: Ներկայումս արտադրությունը կազմակերպվում է ԱՄԷ-ում եւ ընկերությունը իր արտադրությունը Հայաստան տեղափոխելու գործընթացում է գտնվում:
Այս ծրագրի արժեքը 300 մլն դրամ է. կբացվի 55 նոր աշխատատեղ՝ միջինը 150 հազար դրամ աշխատավարձով: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 770 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 71,9 մլն դրամ:
Մեկ այլ որոշմամբ արտոնություն տրամադրվեց Գյումրիում գործող «Լենտեքս» ընկերությանը: Այն զբաղվում է գուլպաների, տրիկոտաժի արտադրության եւ թելերի վերամշակման գործունեությամբ: Կազմակերպությունը գործում է 2001 թվականից, ներկայումս ունի 382 աշխատակից: «Այս ներդրումային բաղադրիչի շնորհիվ կստեղծվի եւս 50-60 նոր աշխատատեղ: Աշխատանքի ծավալը նախատեսվում է, որ կկազմի 4,5 մլրդ դրամ, որից 3 մլրդ-ը կարտահանվի ԵՄ երկրներ: Այս հայտի շրջանակներում մաքսատուրքից ազատման արժեքը կազմում է մոտ 3 մլրդ դրամ»,- ասաց Խաչատրյանը:
Կառավարությունն արտոնություն տվեց նաեւ «ՊՐՈՖ ԱԼ» ընկերությանը: Այն զբաղվում է այլումինե դռներ, պատուհանների, մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ: Ընկերությունը գործում է 2002 թվականից:
«Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մոտ 1 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ եւ եւս 2,8 մլրդ դրամ հումքի ձեռք բերման համար: Ներկայումս կազմակերպությունում աշխատում է 281 աշխատակից, նախատեսվում է եւս 50 աշխատատեղի ստեղծում՝ 280 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 20 մլրդ դրամ, որից 8 մլրդ դրամը կարտահանվի ԵՏՄ եւ երրորդ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված արժեքը կազմում է 8,2 մլրդ դրամ»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ երեք ընկերությունների հանրագումարով ներդրումները կազմում են 11,3 մլրդ դրամ: