5.11.2024
Հեղափոխությունը պետք է շարունակվի` Սարգսյանը ՀՀ-ում կառավարելու որևէ հիմք չունի. Փաշինյան
17.04.2018
Հեղափոխությունը պետք է շարունակվի` Սարգսյանը ՀՀ-ում կառավարելու որևէ հիմք չունի. Փաշինյան

Սրանից հետո ժողովրդական հեղափոխությունը պետք է շարունակվի և հասնի իր տրամաբանական ավարտին` կաթվածահար անելով կառավարության աշխատանքը: Այդ ճանապարհով մենք կհասնենք պաշտոնանկությունների ու հրաժարականների: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» նախաձռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:Ազգային Ժողովում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությանն ի պատասխան Փաշինյանը նշեց, որ իրենց բոլոր գործողությունները տեղավորվել և տեղավորվում են խաղաղ գործընթացի տրամաբանության մեջ: Իսկ ահա այն հայտարարությանը, թե «որպեսզի մենք ապրենք օրենքի երկիր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք լուսավոր ու բարգավաճ Հայաստանում իրոք անհրաժեշտ է, որպեսզի քնած հրաբուխները չարթնանան: Իսկ դրանք չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»: Փաշինյանը նշեց, որ չի հասկանում, թե ո՞ւմ նկատի ունի պաշտոնյան.«Ի՞նչ նկատի ունի հանգած հրաբուխ ասելով, ժողովրդի՞ն նկատի ունի: Չեմ հասկանում»,- ասաց նա: Սերժ Սարգսյանի հորդորին, որն ուղղված էր Ելք դաշինքի պատգամավորներին` ետ բերել Նիկոլ Փաշինյանին փողոցից, վերջինս արձագանքեց հենց Սարգսյանի թևավոր դարձած խոսքերով.«Իյա, իրո՞ք»:Սերժ Սարգսյանը ԱԺ-ում հայտարարել էր նաև, որ պետական շենքերի շրջափակումը չի կարող լինել օրինական: Ի պատասխան այդ հայտարարության Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա ոչ մի նշանակություն չունի` Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն Հայաստանում կառավարելու որևէ հիմք չունեն և հայ ժողովուրդը պետք է անհնազանդություն անի:«Մենք համոզվեցինք, որ մեր շարժումն ունի մարդկանց համատարած համակրանքը, իսկ Սերժ Սարգսյանը վայելում է մարդկանց համատարած զզվանքը: Անհնազանդության գործողությունները պետք է կաթվածահար անեն կառավարման համակարգը, չպետք է թույլ տանք երկրի կառավարումը»,- ասաց նա` ընդգծելով, որ պատրաստվում են այնքան ժամանակ պահել շրջափակված պետական շենքերը, որքան կկարողանան: