ՌԴ Քննչական կոմիտեի քննիչները Խաչատուրյան քույրերի փաստաբաններին են հանձնել պաշտոնական որոշումն առ այն, որ դուստրերին անարգելու և սեռական ոտնձգությունների մեղադրանքով նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրգործ չի հարուցվի վերջինիս մահվան կապակցությամբ: Քննությունը հաստատել է անարգանքի փաստերը, գրում է «Կոմերսանտը» ուժային կառույցներում սեփական աղբյուրների վրա հղումով:
Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրգործ հարուցելուց հրաժարվելու մասին որոշումը կայացվել էր դեռևս հուլիսի ավարտին, սակայն միայն այժմ է հանձնվել աղջիկների պաշտպաններին:
Ըստ նախնական տեղեկատվության, Խաչատուրյան քույրերը, անկախ միմյանցից, դեռևս մայիսին դիմում էին գրել՝ խնդրելով քրգործ հարուցել իրենց հոր դեմ: Այդ օրվանից սկսած նախաքննությունը ստուգում էր նրանց շարադրած փաստերը՝ խոշտանգումներ, սեռական բնույթի բռնի գործողություններ, սեռական բնույթի գործողությունների պարտադրում, գրում է ՊանԱրմենիանը:
Քննիչները հաստատված են համարել Միխայիլ Խաչատուրյանի միանգամից մի քանի այդպիսի գործողությունները, որոնք տեղի են ունեցել դեռևս 2014-ին, ինչպես իրենց բնակարանում, այնպես էլ այլ վայրերում: Որոշում էր կայացվել քրգործ չհարուցել մեղադրյալի մահվան կապակցությամբ: Որոշման մեջ նշված հանգամանքերը համարվում են ապացուցված փաստեր:
19-ամյա Անգելինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Պարշինը վերջերս հայտարարել էր, որ ըստ ՔԿ-ի, «աղջիկները մի քանի տարի շարունակ ենթարկվել են սիստեմատիկ խոշտանգումների և սեռական ոտնձգությունների: Այդպիսով, ըստ իրավաբանի, «հաստատվել են նախկինում աղջիկների դիմումներում շարադրված փաստերը» և արդեն «ակնհայտ է», որ նրանք գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակում:
Նախաքննության նյութերի ուսումնասիրությունից հետո աղջիկների պաշտպանները կմիջնորդեն նրանց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Եթե քննիչը մերժի, նրանք կդիմեն «համապատասխան ատյաններին»:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի գործից առանձին վարույթ է առանձնացրել նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին առնչվող նյութերը:Քննիչները նրա գործողությունների մեջ դստրերին բռնության ենթարկելու և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ իրականացնելու հատկանիշներ են տեսել:
Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018-ի հուլիսին, Մոսկվայում: Հուլիսի 27-ի երեկոյան Ալուֆևի մայրուղու թիվ 56 շենքի մուտքի աստիճանավանդակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող գործիքով հասցված բազմաթիվ վերքերով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվեցին նրա դուստրերը՝ 17, 18 և 19 տարեկան: Նրանք խոստովանեցին մեղքը: Ինչպես ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»:
Քննությունը հաստատել է, որ Խաչատուրյանը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողությունների: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա՝ նրանց մոտ խանգարումներ են զարգացել «դաժան վերաբերմունքի սինդրոմի դրսևորմամբ»:
Քրիստինայի և Անգելինայի մոտ ի հայտ են եկել նաև հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ: Մարիան հոր վրա հարձակման ժամանկ անմեղսունակ վիճակում է եղել:
Հետաքննությունն ավարտին մոտեցավ 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել է քրեական պատասխանատվությունից: Գործը փոխանցվելու է դատարան 2 ամսվա ընթացքում: