1.11.2024
Ապօրինի գույքի բռնագանձում. «Իմ քայլը» թիրախավորում է հարստացած նախկին պաշտոնյաներին
15.04.2020
Ապօրինի գույքի բռնագանձում. «Իմ քայլը» թիրախավորում է հարստացած նախկին պաշտոնյաներին

Ազգային ժողովի մարտի 15-ի նիստում քննարկվում է «Ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձման մասին» օրենքի նախագծը, որը, ըստ կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի, կարող է պետական եկամուտների ավելացման նոր աղբյուր դառնալ: Պատգամավորն իր խոսքում նշեց օրենքի «չափազանց կարևոր» լինելը, որի համատեքստում իրենք չափազանց մեծ տեղ են տալիս միջազգային համագործակցությանը: Ըստ այդմ նա հիշակատեց ԵՄ-ի կողմից վերջերս մեկնարկած մի ծրագի, որի նպատակը «Արեւելյան գործընկերության» տարածքում կոռուպցիայի վրա հիմնված գույքի բռնագանձման հարցերի շուրջ համագործակցությունն է: Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրմանը զուգահեռ քննարկվում է ծանր հանցագործությունների դեպքում առանց դատարանի որոշման ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտների գործարկման հնարավորությունը։ Բովանդակային առումով, ինչպես ավելի վաղ նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սա անցումային արդարադատության բաղադրիչներից է։ «Սա շատ կարեւոր է, որովհետեւ այն մարդիկ, որոնք այս օրենքի թիրախ են դառնալու ձնծաղիկներ չեն հաստատ, եւ իրենց գույքի մի մասն էլ պահում են այլ պետություններում»,-ասաց նա՝ հավելելով, որ ԱԺ-ում իրենք լայն աչքերով դիտարկելու են օրենքի հետագա կիրառումը Այնուհետև նա խոսեց այն մասին, թե ինչ արդյունքներ կարող է տալ տվյալ օրենսդրական մեխանիզմի կիրառումը Հայաստանում: «Մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ նախկին պաշտոնյաներից մեկն ունի ընդամենը մեկ առանձնատուն, որն այդ թերթի գնահատմամբ արժեր 300 մլն դոլար: Սա բավարար էր, որպեսզի մեկ տարի 500 հազարից ավելի թոշակառու ստանա 25 հազար դրամ եւ ավելի ստանա թոշակ, կամ 150 տարի պետական պաշտոնյաները ստանան պարգեւավճար», - ասաց պատգամավորը: Նրա խոսքով, տվյալ գույքի ձեռք բերման տարիներին այս գումարը բավարար էր մեկ տարի մեր պաշտպանության բանակը ֆինանսավորելու համար: «Այսինքն՝ խոսքը տիտանական հարստության մասին է, հանրային բարիքի մասին է, որը խլվել է մեր հանրությունից վերջին տարիներին: Արդարությունը պետք է վերականգնվի, հատկապես այս տարի, այս ճգնաժամի համատեքստում այս բարիքը պետք է վերադարձնել մեր պետությանն ու հանրությանը»,-ասաց Ենգիբարյանը: Պաշտոնապես հայտարարվում է, որ գործընթացի նպատակը պետք է լինի խախտված իրավունքների վերականգնումը, զոհերի և մեղսագործների միջև հաշտության հասնելը։ Այլ կերպ ասած՝ արդարության և հանրային համերաշխության հաստատումը։ Ընթանում են քննարկումներ անցումային արդարադատության մոդելների շուրջ։ Վարչապետի հանձնարարականով ստեղծվել է նաև հատուկ հանձնաժողով՝ առանց դատարանի որոշման ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար։ Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ այս նախաձեռնությունը ենթարկում են սուր քննադատության՝ անվանելով այն «մեղավորության կանխավարկած» կամ «տրոցկիզմ» և հավելում, որ սա հանգեցնելու է ՀՀ-ից կապիտալի արտահոսքի ու ներդրումների անկմանը։ Այս գնահատականների հետ կտրականապես համամիտ չեն կառավարող ուժի ներկայացուցիչները՝ նշելով, որ խոսքը հանրության շրջանում արդարության և համերաշխության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության մասին է։