Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։ Կողմերը ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների առանձնահատուկ հարաբերությունները եւ ինտենսիվ շփումները: Երկուստեք կարեւորել են Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների եւ հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության զարգացումը: Անվտանգային միջավայրի ապահովման համատեքստում Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայկական Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին, այս հարցում կարեւորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը, հաշվի առնելով հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային բնույթը։ Իր հերթին Նիկոլայ Պատրուշեւը կարեւորել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում բնականոն կյանքի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում: Նա նաեւ ընդգծել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում հաստատվել է Հայաստանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջեւ 2021 – 2022 թթ. համագործակցության պլանը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ: