27.11.2024
Ավինյանը «Lufthansa»-ի ներկայացուցչի հետ քննարկել է թռիչքային ուղղությունների հարցեր
prev Նախորդ նորություն

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է սահմանին Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը։


Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․


«Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնվել է սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:


Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումից հետո տեղի ունեցած այս սադրիչ գործողություններն ակնհայտորեն վկայում են, որ պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:


Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության դեմ կատարված այս ոտնձգությունը, որը հանդիսանում է նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում:


Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները»,- նշված է հայտարարությունում: