1.11.2024
«Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են դեսպանի առաջարկից
17.04.2020
«Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են դեսպանի առաջարկից

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջիններս հրաժարվել են հետևել մեր բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից։ «Օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի։ Եվս մեկ անգամ նշենք, որ առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում։ Հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։ VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մեծ թվով ՀՀ քաղաքացիներ այս օրերին շարունակում են նախընտրել մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ առաջացնելով նաև կուտակումներ, որոնք ՌԴ կառավարության կողմից ներդրված առողջապահական անվտանգության միջոցառումների խախտում են։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ այս առնչությամբ դեսպանությանն է կրկին դիմել «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը՝ արձանագրելով, որ քաղաքացիների՝ օրեր շարունակվող կուտակումներն արդեն իսկ խնդրահարույց իրավիճակ են ստեղծել օդանավակայանի տարածքում՝ խախտելով Մոսկվայում և Մոսկվայի մարզում սահմանված կարանտինային ռեժիմի պահպանման կանոնները։