Այս րոպեներին Երևանի կենտրոնում ակտիվիստները ի նշան բողոքի ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակում են փողոցները: Փակ է, մասնավորապես, Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը, նաև Մաշտոց փողոցի որոշ հատվածներ, Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկը, Մյասնիկյան պողոտան: Ի դեպ, քիչ առաջ միջադեպ է եղել Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում, որը ֆիքսել է Lurer.com-ի տեսախցիկը. միկրոավտոբուսի վարորդը քշել է փողոցը փակած երիտասարդ-ակտիվիստների վրա, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: Նշենք, որ ոստիկանությունն անցել է ակտիվ գործողությունների, մասնավորապես, բերման են ենթարկում ակտիվիստների, այդ թվում կանանց: Ակտիվիստները հայտարարում են, որ չեն բացելու փողոցները, մինչև Փաշինյանը չհեռանա: Նրանք նաև կոչ են անում երևանցիներին միանալ իրենց բողոքին: