24.11.2024
Ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից Շուշիի ուղղությունից. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Առավելագույնը կանեք՝ Հայաստանի դրոշը Օլիմպիական հարթակից ներկայացնելու համար. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամառային Օլիմպիական խաղերի մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին և մարզիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:


Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզիկներին և նշել, որ հայ ժողովուրդը ամբողջ հոգով և ամբողջ մտքով լինելու է նրանց հետ և սպասելու նրանց մրցելույթներին: «Ընդհանրապես, կարծում եմ, որ սպորտի և հատկապես օլիմպիական շարժման դերը չպետք է թերագնահատել, որովհետև օլիմպիականները, մարզիկները մեր երկրի դեսպաններն են, ովքեր ներկայացնում են մեր ժողովուրդը, մեր երկիրը:


Եվ երկրի իմիջը նաև մեծապես պայմանավորվում է տարբեր հարթակներում մեր մարզիկների ունեցած մրցելույթներով: Հույս ունեմ, որ այս Օլիմպիական խաղերում կունենանք կոնկրետ արդյունքներ: 8 մրցաձևերից 17 մարզիկ մեկնում է Օլիմպիական խաղերի: Իհարկե, այստեղ կա շատ նուրբ եզր. կարևոր է, որ օլիմպիականներին ոգևորենք, քաջալերենք հաղթանակների, մյուս կողմից՝ նրանց ուսերին չդնենք այնպիսի լրացուցիչ պատասխանատվություն և պարտավորություն, որ մրցահարթակում նրանց կաշկանդի: Սա թերևս ամենադժվար գործն է մեր բոլորի՝ և՛ Ազգային օլիմպիական կոմիտե ի, և՛ կառավարության, և՛ նախարարության, և՛ մարզչական անձնակազմի համար. ինչպես անել, որ բավարար չափով քաջալերենք մեր մարզիկներին, մյուս կողմից՝ այդ հաղթանակի սպասումով իրենց չկաշկանդենք, որպեսզի նրանք իրենց ամբողջ պոտենցիալը կարողանան բացահայտել»:


Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ մարզիկների խնդիրների լուծման հարցերով կառավարությունը հետևողական զբաղվել է: «Համոզված եմ, որ բազմաթիվ հարցեր չեն հասել ինձ, և նախարարությունը, Օլիմպիական կոմիտեն ու ֆեդերացիաները լուծել են դրանք: Շատ կցանկանայի, որ այս Օլիմպիադայից առաջ կարողանայինք մեր օլիմպիական հավաքականին տոգորել իսկապես թիմային տրամաբանությամբ և լիցքերով։


Իհարկե, հաղթանակները մեզ շատ անհրաժեշտ են, սովորականից ավելի շատ, որպեսզի մեր երկիրն այս ծանր փորձությունների միջով անցնելուց հետո ինքնավստահությունը, ապագայի նկատմամբ հավատը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ վերականգնի։ Կարծում եմ՝ սա ասելու կարիք չկա: Համոզված եմ, որ մեր մարզիկները, օլիմպիականներն այս ամենը շատ լավ գիտեն, մեզնից ավելի լավ գիտեն։ Վստահ եմ, որ նույնիսկ այս ամենն ասելու կարիք չկա նրանց քաջալերելու իմաստով, որովհետև որևէ կասկած չկա, որ յուրաքանչյուրն առավելագույնը կանի՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, օրհներգը Օլիմպիական հարթակից ներկայացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են Օլիմպիական խաղերին մեր հավաքականը հնարավորինս պատշաճ մակարդակով պատրաստելու համար։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր մարզիկներին, մարզիչներին, ովքեր իրենց նվիրվածությամբ նորանոր լիցքեր են հաղորդել։ Կարծում եմ՝ մեր Օլիմպիական հավաքականը պետք է առանձնահատուկ սիրով և գորովանքով վերաբերվի իր առաքելությանը, բայց, կրկին եմ ասում, հույս ունեմ, որ այս առանձնահատուկ շրջանը, առանձնահատուկ պատասխանատվությունը պետք ? ? նաև ձեզ չկաշկանդի, որովհետև կաշկանդվածությունը միշտ կարող է բերել որոշակի խնդիրների։ Այնպես որ բոլորիս հաջողություն եմ մաղթում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:


ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ նախարարությունն ամեն ինչ արել է և կշարունակի անել՝ մարզիկների պատրաստվածությունը լավագույնս ապահովելու համար: «Պարոն վարչապետ, շնորհակալ ենք Ձեզ և կառավարությանն այն ուշադրության համար, որ հատկապես սպորտին եք ուղղում: Վերջին շրջանում ականատեսը եղանք, որ Դուք ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում եք մեր մարզիկների գրաֆիկով, խնդիրներով: Ուզում եմ ուղղակի վերահաստատել, որպեսզի մեր մարզիկները, Օլիմպիական կոմիտեի ղեկավարները և բոլորս իմանանք, որ մենք միշտ հաստատակամ ենք լինելու այս հարցում և անելու ենք հնարավորը, ինչ որ տեղ էլ՝ անհնարը»,- նշել է Վահրամ Դումանյանը:


Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել է, որ կորոնավիրուսի, արտակարգ իրավիճակի պայմանները խնդիրներ են առաջացրել մարզիկների համար, մասնավորապես, մրցաշարերին մասնակցելու և օլիմպիական վարկանիշային ավելի մեծ թվով ուղեգրեր ապահովելու տեսանկյունից: ՀԱՕԿ նախագահը հավելել է, որ այս Օլիմպիական խաղերին սպիտակ քարտերի միջոցով ուղեգրերից հրաժարվել են և խաղերին կմասնակցեն բացառապես ուժեղագույն մարզիկները: «Այս անգամ որոշեցինք, որ միայն ուժեղները գնան: Այսօրվա մասնակիցներն ուժեղագույններն են, բոլ որն էլ մեդալակիր են, հենց այնպես վարկանիշ ձեռք չեն բերել: Այս անգամ ակնկալում ենք 3-5 մեդալ: Բոլորն էլ չեմպիոներ են, պատրաստվել են, փորձառու են, մասնակցել են և՛ Օլիմպիական, և՛ Աշխարհի և՛ Եվրոպայի առաջնությունների: Իրենց կյանքի նպատակն է, որ կարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին, ազգի պատիվը բարձր պահել, եռագույնը բարձրացնել, հիմնը հնչեցնել: Ոչ մի խնդիր չկա, բոլոր հարցերը կառավարության, նախարարության, ֆեդերացիայի և Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ կարգավորվել են»,- նշել է Գագիկ Ծառուկյանը:


ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ ամենօրյա կապի մեջ են եղել Օլիմպիական կոմիտեի հետ, որևէ չլուծված խնդիր չի մնացել: «Մարզիկները բոլոր ուսումնամարզական հավաքներն անցկացրել են այնտեղ, որտեղ ցանկացել են: Բոլոր մարզումներին, ում պետք է եղել, հրավիրել ենք: Ծանրաձողերն էլ տեղ հասան, վերջին մարզումներն էլ դրանցով կանցկացնեն ու կմեկնեն: Պարոն Ծառուկյանի հնչեցրած թվերը շատ լավն են, տա Աստված, որ այդպես էլ լինի»,- նշել է Գիլոյանը: Փոխնախարարը հավելել է, որ Օլիմպիական պարգևավճարները վերջին տարիներին չեն վերանայվել:


Արձագանքելով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցին կտրվի անհրաժեշտ լուծում:


Այնուհետև մարզիկներն ու մարզիչներն անդրադարձել են նախապատրաստական հավաքների արդյունքներին և ընդգծել, որ ջանքեր չեն խնայելու՝ Օլիմպիական խաղերին հայրենիքի պատիվը բարձր պահելու համար:


Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանն օլիմպիականներին մաղթել է հաջողություն: «Հաջողությունների, հաղթանակների սպասումով բարի ճանաարհ, ինչ էլ որ խոստացել ենք, ամեն ինչ կանենք»,- եզրափակել է վարչապետի պաշտոնակատարը: