Ադրբեջանում գտնվող հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով հնարավորություն են ստացել տեսահաղորդագրություններ փոխանցել իրենց ընտանիքներին: Այս տեղեկատվությունը VERELQ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա նշեց, որ նման կապի միջոցն առաջին անգամ է գործարկվել: Ադրբեջանում պահվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ, իսկ տեսագրությունները կատարվել են վերջին հանդիպումներին ու փոխանցվել ընտանիքներին: "Նման հնարավորություն ընձեռվել է այն անձանց, ում գերեվարման փաստը հաստատել է Ադրբեջանը",- ասաց նա: VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, Ադրբեջանում պահվում է 200-ից ավելի հայ գերի, նրանց թվում թե՛ զինծառայողներ են, թե՛ խաղաղ բնակիչներ: Կան նաև կանայք: Մինչդեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ բոլոր գերիներին փոխանցել է Հայաստանին: