24.11.2024
Ֆրանսիան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին և տեղահանված ընտանիքներին
prev Նախորդ նորություն

Անորոշություններ և բացասական սպասումներ. ԿԲ նախագահը՝ դրամի արժեզրկման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալաստյանը խոսել է դրամի արժեզրկման հիմնական պատճառերի մասին: Նա հաստատեց վերջին օրերին տնտեսագետների վերլուծություններն այն մասին, որ տնտեսության իրական հատվածում դրամի արժեզրկման պատճառ չկա, հիմնական խնդիրը՝ բացասական սպասումներն ու անորոշություններն են:


«Տնտեսության իրական հատվածում դրամի արժեզրկման ֆունդամենտալ խնդիրներ չկան», - այսօր ԿԲ-ում հրավիրված ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, որի խոսքով, դրամի փոխարժեքի տատանումները պայմանավորված չեն տնտեսության մեջ կատարվող գործընթացներով:


Որևէ արտառոց բան, նշում է նա, չի դիտարկվում տնտեսության իրական հատվածում՝ ներկրում, արտահանում, միջազգային ուղղակի ներդրումներ և տրանսֆերտներ: «Արտահանումն, իհարկե, նվազել է այս տարի, սակայն ներմուծման ծավալներն էլ ավելի են նվազել։ Երբ այն համադրում ենք տնասֆերտների հետ, որոնց ծավալն անցյալ տարվա համեմատ չի նվազել, ապա լուրջ խնդիրներ չենք տեսնում: Այս առումով դրամի փոխարժեքի տատանումների հետ կապված որևէ խնդիր չենք տեսնում»,- ասաց նա:


Իրավիճակը կայունացել է նաև միջազգային ֆինանսական շուկաներում Հայաստանի ռիսկի հավելավճարի տեսանկյունից: «Ուստի դրամի արժեզրկումը (իսկ այսօր փոխանակամն կետերում մեկ դոլարը վաճառվում է 530 դրամով) պայմանավորված չէ տնտեսության իրական հոսքերով և միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարով», - նկատեց ԿԲ նախագահը:


Վերջինս խոսեց դրամի փոխարժեքի վրա բացասական ազդող հիմնական գործոնի՝ քաղաքական անորոշությունների մասին: Անորոշություններն են բացասական սպասումներ ձևավորում տնտեսվարողերի շրջանում:


«Դրամի փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն են ունեցել ապագայի հեռանկարների վրա ձևավորված անորոշությունների պայմաններում մասնավոր հատվածի մոտ և ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերը և արտարժութային փոխարկումները», - նշեց նա:


Ստեղծված իրավիճակը, Գալստյանի խոսքով, հանգեցրել է տնտեսվարողների բալանսների փոփոխության ի օգուտ արտարժույթի: «Դոլարի նկատմամբ պահանջարկն աճել է, որն էլ բանականաբար արտարժույթի գինը բարձրացրել է»,- ասաց Մարտին Գալստյանը:


Դրամի արժեզրկումը, ԿԲ նախագահի խոսքով, նաև նպաստում է սպառողական շուկայում գնաճային զարգացումներին:


«Սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գծով կան գնաճային զարգացումներ՝ պայմանավորված տարբեր գործոններով: Բավականին մեծ աճեր կան միջազգային շուկայում պարենային ապրանքների մասով։ Այս ամենին նպաստում է նաև հայկական դրամի արժեզրկումը: Հենց այդ պատճառով որոշում է կայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1 տոկոսային կետով՝ սահմանելով 5,25 տոկոս», - եզրափակեց Գալստյանը:


Վերջում Մարտին Գալաստյանը նշեց, որ ԿԲ-ն հավատարիմ է մնալու իր մանդատին՝ ուղղված ֆինանսական շուկաների բնականոն գործունեությանը, ֆինանսական համակարգի և գների կայունությանը: «Խնդիրը քննարկվել է նաև առևտրային բանկերի հետ, որոնց Կենտրոնական բանկը շարունակելու է տրամադրել դրամային, ինպես նաև արտարժութային իրացվելիություն, որպեսզի արտարժութային իրացվելիության որևէ խնդիր չունենան», - ասել է նա: