27.09.2024
Կառավարությունը հաստատեց ՓՄՁ զարգացման 2020-2024թթ. ռազմավարությունը
27.08.2020
Կառավարությունը հաստատեց ՓՄՁ զարգացման 2020-2024թթ. ռազմավարությունը

ՀՀ կառավարությունը հաստատել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Ռազմավարության նպատակն է միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման և գեներացման միջոցով: Ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է նպաստել ՓՄՁ-ների արտադրողականության աճին՝ 2020-2023թթ-ի արտադրողականությունը բարձրացնելով 3%-ով, իսկ 2024 թվականին՝ 7.5%-ով։ Մասնավորապես, ՓՄՁ-ներում մեկ զբաղվածի կողմից ստեղծված ավելացված արժեքը 2024 թվականին կկազմի 12 մլն ՀՀ դրամ, որը 2018 թվականի նույն ցուցանիշի գրեթե կրկնապատիկն է (2018թ. ցուցանիշը՝ 6.7 մլն ՀՀ դրամ)։ ՓՄՁ-ներում զբաղվածների թիվը կաճի տարեկան միջինում 2.5 %-ով։ Ռազմավարությունը մշակվել է դեռևս 2019 թվականին, սակայն վերանայվել և արդիականացվել է համավարակի հետևանքները արտացոլելու և կորոնավիրուսի տարածման պատճառով առաջացած բարդությունների և մարտահրավերների հաղթահարման ուղիներ սահմանելու համար։ Համավարակի հետևանքները մեղմելու նպատակով առավել մեծ կարևորություն է տրվել սնանկության գործընթացի և երկրորդ հնարավորության մեխանիզմների բարելավմանը, ֆինանսների հասանելիության հետ կապված լրացուցիչ բարդությունների հաղթահարմանը, ՓՄՁ-ների՝ խոշոր արժեշղթաներում ներգրավման անհրաժեշտությանը։ Իրականացվող գործողությունների արդյունքում ոչ միայն էապես բարելավվելու է ՓՄՁ-ների արտադրողականությունը և աճելու է զբաղվածների թիվը, այլ նաև փոխանցվող հմտությունների և բարելավված միջավայրի շնորհիվ ձեռներեցությամբ զբաղվելը կարող է դառնալ արտագնա աշխատանքի, կորցրած աշխատատեղերի և եկամուտների վերականգնման այլընտրանք։