Ընդդիմադիրը ՔՊ-ին մեղադրել է Սահմանադրությունը և «ԱԺ կանոնակարգ» օրենքը խախտելու մեջ
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մեղադրել է իշխող մեծամասնությանը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների, Սահմանադրության եւ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի դրույթները խախտելու մեջ:
Նրա խոսքով՝ նախօրեին խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրվել էր արտահերթ նիստ՝ սահմանազատման եւ սահմանագծման հարցով։
«Չնայած իշխող մեծամասնության առանձին ներկայացուցիչներ հայտարարում էին, որ պատրաստ են ներկայացնել իրենց առաջարկներն այդ հարցի վերաբերյալ, սակայն խորհրդարանական մեծամասնության պատգամավորների չներկայանալու պատճառով արտահերթ նիստ տեղի չի ունեցել։ Մենք քաղաքական մեծամասնության նման գործողությունների պատճառների որևէ քաղաքական հիմնավորում, բացատրություն չենք լսել։
Նման պայմաններում ստացվում է, որ խախտվել են Սահմանադրության և «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի դրույթները, քանի որ պատգամավորին առանց բացատրության չեն մասնակցում նիստին։ Միևնույն ժամանակ, մենք ականատես ենք լինում այն ճնշումներին և անընդունելի այլ գործողություններին, որոնք կիրառվում են այն համայնքներում, որտեղ իշխող մեծամասնությունը հաղթանակ չի ապահովել ընտրություններում», - հայտարարել է նա։