Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ձեռնամուխ են եղել Լեռնային Ղարաբաղի բնակչության եւ արդյունաբերության կարիքների համար նոր կառուցվող ջրամբարի անվտանգության ապահովմանը: Այս մասին օգոստոսի 27-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Տվյալ օբյեկտը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը: Հիդրոտեխնիկայի մասնագետները ինժեներական աշխատանքներ են սկսել Մարտակերդի շրջանում սահմանազատման գծի մոտ արհեստական ջրամբարի ստեղծման ուղղությամբ: «Այստեղ մենք աշխատանքներ ենք տանում արտեզյան ջրի պահպանման ուղղությամբ, և այդ նպատակով մենք դիմել ենք խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անվտանգությունն ապահովելու համար։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրել է մի ստորաբաժանում, որն այս պահին ապահովում է մեր կողմից իրականացվող աշխատանքների անվտանգությունը: Մենք շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին ժամանակին աջակցություն ցուցաբերելու համար», - ասել է հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը։ Քաղցրահամ ջրերի ստորգետնյա և վերգետնյա արտահոսքերի պաշարների պահպանման նպատակով ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: