24.11.2024
ԱԽ քարտուղարը Գերմանիայի կանցլերի խորհրդականի հետ քննարկել է անվտանգության հարցեր
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը վրդովված է խորհրդարանի նախագահի «զբոսաշրջային» գործուղումներից

Առաջիկա քառօրյայի օրակարգի նախագծի քննարկմանը, որը տեղի է ունենում այսօր՝ մարտի 22-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը շտապեց իր վրդովմունքն արտահայտել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի բացակայության կապակցությամբ։


Նա ընդգծեց, որ մի քանի նիստ է խոսնակը բացակայել է աշխատավայրից՝ գործուղման պատճառով, որն իրականում զբոսաշրջային է։ Մանուկյանը փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց, թե որն է 11 հոգանոց պատվիրակության Ինդոնեզիա ուղարկելու պատճառը, որքան կարժենա այս ճանապարհորդությունը հարկատուների վրա և, ի վերջո, ի՞նչ արդյունքներ են ակնկալում իշխանություններն այսքան մեծ պատվիրակություն ուղարկելով։


Ի պատասխան՝ Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանը պատվիրակություններ է կազմում տարբեր միջխորհրդարանական կազմակերպություններում, պատվիրակությունների կազմը հաստատում է ԱԺ խորհուրդը, որի կազմում ընդգրկված են նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ։ Փոխխոսնակը հավելեց, որ Ալեն Սիմոնյանը Ինդոնեզիա է գնացել ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ որպես խորհրդարանական պատվիրակության ղեկավար։


Մանուկյանը հայտարարեց, որ փոխխոսնակը խուսափել է պատասխանել իր հարցերին. «Ավելացնեմ նաև, որ Ալեն Սիմոնյանը միակը չէ, ով շահում է զբոսաշրջային ուղևորությունները, Քաղաքացիական պայմանագրի բազմաթիվ պատգամավորներ նույնպես մեկնում են տարբեր երկրներ՝ պետբյուջեի հաշվին անձնական տպավորություններ ձեռք բերելով, և այդ ճամփորդությունների արդյունքը երկրի համար զրոյական է»,- ասաց նա։


Ռուբինյանը նշեց, որ պահանջվող ողջ տեղեկատվությունը կարող է ստանալ Ազգային ժողովի կայքից։ Փոխխոսնակը հավելեց նաեւ, որ պատգամավորների գործուղումների արդյունքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ են հրապարակվում։ Ռուբինյանը Մանուկյանին խնդրել է նաեւ փոխել «մեթոդները, որոնք արդեն հոգնեցուցիչ են»։