Ադրբեջանական զինծառայողները արել ու շարունակում են անել վայրագություններ մեր հայրենակիցների նկատմամբ, բայց պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու մարդկանց, և պաշտոնյաներն իրավունք չունեն վնասել դա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ինձ համար արդեն անցած 2021թ. ընթացքում մեր երկրի բնակչության իրավունքների ու անվտանգության լուրջ սպառնալիքներից են եղել` 1. ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հայտարարել են, թե մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողները, նրանց հենակետերն ադրբեջանական տարածքում են և ՀՀ-ն ոչինչ անել չի կարող: Նրանցից մեկն էլ անգամ ասել է, թե առանց դելիմիտացիայի ու դեմարկացիայի ճանապարհահատվածների պատկանելիության հարցը կարող ենք համարել լուծված: 2. Այդ պաշտոնյաները նման հայտարարություններով թույլ են տվել իրենց պաշտոնեական կարգավիճակի կոպիտ խախտում` վտանգելով մարդու կյանքի ու մյուս կենսական իրավունքները, վնաս հասցնելով անվտանգությանը: Խոսքս նաև վերաբերում է բնակչությանը ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներից պաշտպանող մեր զինվորների, սահմանապահների, ոստիկանների պաշտպանությանը: 3. Այդ պաշտոնյաների հայտարարություններն օրինականացրել են ադրբեջանական հանցավոր արարքները Հայաստանի բնակչության նկատմամբ և երկարաժամկետ «մաքրելու» ենթակա խոչընդոտներ են ստեղծել մեր բնակչության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար: 4. Այդ բարձրաստիճան պաշտոնյաները նման հայտարարություններ արել են [առնվազն] նրա համար, որ իրենց նկատմամբ ներքին քաղաքական դժգոհություններ չառաջանան կամ դրանք մեղմվեն: Այսինքն` դասական օրինակներ են, թե ինչպես քաղաքական շահերից ելնելով` կարող է վնաս հասցվել երկրի անվտանգությանն ու մարդու իրավունքներին: 5. Այդ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ ցանկացած նման հայտարարություն դիտարկվում է հենց նշածս տեսանկյունից ու այսուհետ նման հայտարարություններ չանեն: Ոչ ոք իրավունք չունի անել մեր իրավունքներն ու անվտանգությունը վտանգող արարքներ և վերջ: Հ.Գ. Մեր հայրենակիցների նկատմամբ վայրագություններ արել ու շարունակում են անել ադրբեջանական զինված ծառայողները, բայց պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու մարդկանց, և պաշտոնյաներն իրավունք չունեն վնասել դա», - գրել է նա: