30.09.2024
ՀՀ-ն կոչ է արել ԵԱՀԿ նախագահությանն ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտությունը. ԱԳՆ
14.01.2022
ՀՀ-ն կոչ է արել ԵԱՀԿ նախագահությանն ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտությունը. ԱԳՆ

Հունվարի 13-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն ներկայացրել է լեհական նախագահության առաջնահերթությունները: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հաջորդած մտքերի փոխանակման ընթացքում ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից շարունակ կազմակերպվող սադրանքներին և ռազմական բախումներին, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ ինքնիշխան տարածք 2021թ. մայիսի 12-ից ներխուժած ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ս.թ. հունվարի 11-ին հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ կազմակերպած սադրիչ գործողությանը, ինչի արդյունքում զոհվել են ՀՀ զինծառայողներ Արթուր Մխիթարյանը, Ռուդիկ Ղարիբյանը և Վահան Բաբայանը: Ընդգծվել է, որ վերջին օրերին Բաքվից հնչող հայատյաց և, միևնույն ժամանակ, «ինքնախոստովանական» հայտարարությունները հաստատում են, որ այդ բախումները նախաձեռնել է Ադրբեջանը: ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունը կրկին հրավիրվել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև բռնի անհետացումների խնդիրներին, որոնք մինչ օրս չեն հանգուցալուծվել՝ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունների ոտնահարման հետևանքով: Դեսպան Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ նախագահությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին գործուն միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի սադրանքները, և վերսկսելու հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը: ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնահատուկ ընդգծել է, որ ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառումը չի կարող «լուծել» որևէ հակամարտություն և ադրբեջանական կողմից ուժի կիրառումը, որպես հակամարտության կարգավորման լեգիտիմ գործիքի ներկանհետ(այացումը վտանգում է ԵԱՀԿ-ի տարածաշրջանի անվտանգությունը և վարկաբեկում հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպությունները՝ այդ թվում ԵԱՀԿ-ն: Ամփոփելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ լեհական նախագահությանը ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտությունը, և հույս հայտնել, որ Լեհաստանի նախագահությունը միջազգային այլ գործընկերների հետ միասին կօգտագործի առկա գործիքակազմը՝ Ադրբեջանին հստակ և միանշանակ ուղերձ հղելու համար, որ ուժի շարունակական կիրառումը չի կարող հանդուրժվել և անհետևանք մնալ։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր սադրանքները, դուրս բերի իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, դադարեցնի լարվածության սրումը թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Արցախի հետ շփման գծում և կատարի իր ստանձնած պարտավորությունները։