13.08.2026
Ովքեր են Վահան Քերոբյանի հայտարարած ներդրողները Երասխում
07.06.2023
Ովքեր են Վահան Քերոբյանի հայտարարած ներդրողները Երասխում

Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։ Օրեր առաջ գործարանի մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան, զրոյից։ Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16 500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180 000 տոննա արտադրանք։ Արդեն աշխատում է 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»,- գրել է նախարարը։ Երասխում կառուցվող գործարանի մասին «Հետք»-ը գրել է դեռևս 2022 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրը ԱՄՆ քաղաքացի հանդիսացող հնդիկ գործարարի հետ սև մետաղի ջարդոն է վերամշակելու Հայաստան-Նախիջևան սահմանին: Էկոնոմիկայի նախարարությունից հաստատեցին, որ խոսքը նույն գորածարանի մասին է։ Այն կառուցող ընկերության բաժնետերերի ցանկում փոփոխություն է գրանցվել, սակայն «վերջնական» սեփականատերերը, ըստ ընկերությունից ստացված տվյալների, կրկին նույն գործարարն են՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը և այս անգամ արդեն՝ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան։ Երասխում մետալուրգիական գորածարանը կառուցում է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի հուլիսին։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ընկերության 50% բաժնեմասը ներկայում պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Սիէսի գլոբալ ինվեսթմենթս» ՍՊԸ-ին, մյուս 50%-ը՝ կրկին ԱՄՆ-ում գրանցված «Վիրտուալ ֆոնդինգ» ՍՊԸ-ին։ Այս երկու ընկերությունները «Ջի Թի Բի Սթիլ»-ի բաժնետերերն են այս տարվա մայիսից (2023-05-05)։ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ ընկերության բաժնետեր հանդիսացող «Սիէսի գլոբալ ինվեսթմենթս»-ի սեփականատերը ԱՄՆ քաղաքացի Բոբբի Կանգն է։ Իսկ մյուս բաժնետեր հանդիսացող «Վիրտուալ ֆոնդինգ» ընկերության սեփականատերը ՀՀ քաղաքացի Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Նա սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, Նոնո Սարգսյանի ամուսինը։ Մինչ այս տարվա մայիսը՝ «Ջի Թի Բի Սթիլ»-ի 100% բաժնետերը եղել է Հայաստանում գրանցված «Ջի Թի Բի Հոլդինգս» ՍՊԸ-ն, որը պատկանում է Նոնո Սարգսյանին և գործարար Բոբբի Կանգին, որն, ըստ համացանցում եղած տեղեկությունների, ազգությամբ հնդիկ է։ Էկոնոմիկայի նախարարություն. «Ընկերությունն անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բոլոր փուլերը» Շրջակա միջավայրի նախարարության կայքում մի քանի անգամ հրապարակվել է «Ջի Թի Բի սթիլ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երասխ գյուղում նախատեսվող ենթակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն։ Հաշվետվություններում նշվում է, որ տարածքը գտվում է սահմանագոտում, Նախիջևանի սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա։ Նախկինում օգտագործվել է որպես պահեստարան։ Այս տարածքում, ըստ ընկերության հաշվետվությունների, բացակայում է կենդանական և բուսական աշխարհը, հողի բերրի շերտը, մոտակայքում չկան պատմական հուշարձաններ ու բնության պահպանվող տարածքներ։ «Փաստացի երկաթի ջարդոնի տոննան 40 000 - 45 000դր վաճառում ենք արտերկրներին և նրանցից 9-10 անգամ ավել գնով գնում պատրաստի ապրանք։ Հետևաբար, անհրաժեշտ է երկրի ներսում զարգացնել սեփական երկրորդական հումքի օգտագործումը, ինչը թույլ կտա ստեղծել հանրապետությունում լրացուցիչ աշխատատեղեր, ավելացնել ուղղակի և անուղղակի մուտքերը բյուջե, մրցակցության հաշվին նվազեցնել տվյալ արտադրանքի գները տեղական շուկայում»,- նշված է այս տարվա հունվարին հրապարակված հաշվետվության մեջ։ Գործարանի համար հումք է հադիսանում սև մետաղի ջարդոնը, որը գնվում է հիմնականում ջարդոնների ընդունման կետերից։ Էկոնոմիկայի նախարարությունից «Հետք»-ին հայտնում են, որ ընկերությունը անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բոլոր փուլերը։